Լրահոս

12.07.2013 15:09


Բուդաղյանները Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի տեսագրության բնօրինակը չունեն

Բուդաղյանները Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի տեսագրության բնօրինակը չունեն

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հարուցված քրեական գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում պնդեց, որ միջադեպի արդեն իսկ լայն տարածում ունեցող տեսագրությունը մոնտաժված է:
Այն հարցին, թե ինչ հիմքեր կան այդպես կարծելու, փաստաբանը նշեց, որ «հիմքերը լուրջ են, և պնդում եմ, որ այդ տեսագրությունը մոնտաժված է, և եթե բնօրինակը դուք ինքներդ տեսնեք, ապա դրանում կհամոզվեք»:
ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը «Tert.am»- ի հետ հարացրույցում ընդգծել էր, որ «ո՛չ Ալումյանը, ո՛չ ես, ո՛չ քննիչը, ո՛չ էլ որևէ մեկը այս պահի դրությամբ չի կարող ասել՝ այդ ձայնագրությունը մոնտաժվա՞ծ է, թե՞ մոնտաժված չէ, որովհետև այդ ձայնագրությունը գտնվում է փորձաքննության փուլում»:
Զինվորական դատախազը հայտարարել էր նաև, որ «եթե փաստաբանը կամ դատավարության այլ մասնակիցը ունեն նման տեսագրություն, ապա առնվազն իրենց պաշտպանության իրավունքից ելնելով՝ կարող են, այդ թվում և հրապարակայնորեն, այն ներկայացնել նախաքննության մարմնին: Այդ ժամանակ արդեն այդ ձայնագրության նույնականացումը կհավաստվի համապատասխան փորձաքննության արդյունքում` պարզելու համար, թե այդ տեսաձայնագրությունը մոնտաժվա՞ծ է, թե՞ ոչ»:
Ի դեպ, Հայկ Ալումյանը նշեց, որ տեսագրության «բնօրինակը» չունեն։

Աղբյուրը՝ Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը