Տնտեսական

12.07.2013 11:51


Նախորդ տարվանից սպառողական ապրանքների գներն ամեն ամիս ավելացել են

Նախորդ տարվանից սպառողական ապրանքների գներն ամեն ամիս ավելացել են

Նախորդ տարվա համեմատ ամեն ամիս սպառողական ապրանքների գներն ավելացել են։ Ինչպես «7օր»–ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, սպառողական գների ինդեքսը, նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատ, հունվարին աճել է 102,6%–ով, փետրվարին՝ 103,1%–ով, մարտին՝ 103,4%–ով, ապրիլին՝ 103,9%–ով, մայիսին՝ 105,2%–ով և հունիսին՝ 106,5%–ով։

Իսկ ավելի որոշակի, օրինակ 2013թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պարենային ապրանքները թանկացել են 109,0%–ով, ոգելից խմիչքներն ու ծխախոտը՝ 105,6%–ով, հագուստը և կոշիկը՝ 106,7%–ով, բնակվարձը, վառելիքը և էլեկտրաէներգիան՝ 100,5%–ով, տնային գործածության ապրանքները՝ 104,2%–ով, բուժսպասարկումը և դեղորայքը՝ 112,6%–ով, տրանսպորտը և կապը՝ 100,9%–ով, մշակույթի ապրանքներն ու ծառայությունները՝ 104,6%–ով, այլ ապրանքներն ու ծառայությունները՝ 105,2%–ով։

Պարենային ապրանքներից ամենաշատն ավելացել են հացամթերքի, ձվի, մրգերի, բանջարեղենի, կարտոֆիլի և կաթնամթերքի գները։

Ոչպարենային ապրանքներից ամենաշատը թանկացել են մանկական հագուստը և հատկապես կանանց կոշկեղենը։

Ավելացել են նաև կոշիկի վերանորոգման և բուժսպասարկման գները։

Իսկ ըստ քաղաքների՝ սպառողական գների ինդեքսը 2013թ. հունիսին ամենաշատն աճել է Դիլիջանում, այնուհետև՝ Երևանում և Վանաձորում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը