Լրահոս

11.07.2013 22:31


Վաղը՝ «Ճանապարհ. Հնդկաստան» ֆիլմի հայաստանյան պրեմիերան

Վաղը՝ «Ճանապարհ. Հնդկաստան» ֆիլմի հայաստանյան պրեմիերան

Հուլիսի 12-ին, ժամը 13:00 «Նաիրի» կինոթատրոնում` Ոսկե Ծիրան կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա «Մանանա Ֆիլմս» կինոստուդիայի «Ճանապարհ. Հնդկաստան» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ցուցադրությանը ներկա կլինեն ֆիլմի հեղինակներն ու գլխավոր հերոսները:

«Ճանապարհ. Հնդկաստանը» լիամետրաժ արկածային-ճանապարհորդական վավերագրական ֆիլմ է երկու ամերիկացի ընկերների մասին, որոնք մասնակցում են Հնդկաստանում տեղի ունեցող ռիքշոների տասներկուօրյա մրցարշավին, որը ճանաչվել է աշխարհի տասը ամենավտանգավոր արկածներից մեկը:
Նախագիծն ամբողջությամբ զարգացվել ու իրականացվել է հայկական «Մանանա Ֆիլմս» կինոստուդիայի կողմից, ֆիլմի հեղինակներն են Գոռ և Մուշեղ Բաղդասարյանները, պրոդյուսերները` Ռիկ Ղազարյանը և Գոռ Բաղդասարյանը: Ֆիլմի ստեղծման աշխատանքները տևել են մոտ երկու տարի: Սա թերևս առաջին լիամետրաժ արկածային վավերագրական ֆիլմն է, որ ստեղծվել ու նկարահանվել է հայաստանյան կինոստուդիայի կողմից` առանց մեծ ստուդիաների, ֆոնդերի կամ պետական աջակցության:
«Մանանա Ֆիլմսն» անկախ կինոստուդիա է` հիմնված Գոռ և Մուշեղ Բաղդասարյան եղբայրների կողմից երեք տարի առաջ` Երևանում: Հիմնականում մասնագիտանում է ստեղծագործական վավերագրական նախագծերի զարգացման և նկարահանման վրա: Չնայած իր կարճ պատմությանը` ստուդիան արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների կինոյի և գովազդի ոլորտում:

Այս խորագրի վերջին նյութերը