Կարծիք

11.07.2013 12:41


Ծովինար Նազարյան.

Ծովինար Նազարյան.

Երբ ինչ-որ մեկը մասնակցում է ընտրակեղծիքի ու հետո բողոքում կյանքից, մամաս ասում է՝ «Ընտրություններում ձեր ձայնը չեն գնում, ձեր լռությունն են գնում»: Սա համարենք հիշեցում Արտաշատի 17/04 տեղամասային հանձնաժողովի նախագահ, նույն ինքը՝ Արարատի մարզպետարանի բնապահպանության ու գյուղատնտեսության վարչության պետ Տիգրան Վիրաբյանին, ում երեկ ձերբակալել են վառելիքի յուրացման մեղադրանքով:
Իր առած ու ծախած լռության բումերանգը մի օր իր դեմ շրջվեց, եւ ո՞վ պիտի նրան պաշտպանի կամ գոնե խղճա: Հաստատ՝ ոչ ոք: Էդպես լուռ ու մունջ կդատեն վառելիքի յուրացման համար, բայց ընտրությունները կեղծելու, քաղաքացիների «լռությունը գնելու» համար՝ երբեք: Որովհետեւ լռությունը գնելը ռեժիմի ամրությունը եւ ընդդիմախոսների ճնշումներն ապահովելու միակ ձեւն է: Գնված լռության շնորհիվ է, որ երկրում քաղբանտարկյալներ են հայտնվում, եւ Տիգրան Առաքելյանը դեռ բանտում է, գնված լռության պատճառով է, որ դատարանները կայացնում են անարդար վճիռներ՝ չպատժելով մեղավորներին եւ դատապարտելով անմեղներին, ձեր վաճառած լռության պատճառով է, որ ձեր՝ հանրային միջոցները յուրացվում են, իսկ ձեզ մի երկու կոպեկ նետում, որ իրենց պաշտպանեք՝ իբր չի յուրացվել, իբր ստացել եք ձեզ հասանելիքը: Շարունակեք լռել, կարեք ձեր բերանները, հոգ չէ, Տիգրան Վիրաբյանին մի նոր տիգրանվիրաբյան կփոխարինի՝ մի նոր, ավելի ջահել ու ավելի նիհար, որ դեռ չաղանալու պոտենցիալ ունի, անտեր չեք մնա, ձեր լռության դիմաց ձեզ մի երկու կոպեկ կնետեն մի քանի տարին մեկ:

Ծովինար Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը