Մեկնաբանություն

11.07.2013 10:44


Արևմտամետությո՞ւն, թե՞ ռուսամետություն. կեղծ երկընտրանք

Արևմտամետությո՞ւն, թե՞ ռուսամետություն. կեղծ երկընտրանք

Հայաստանի քաղաքական, փորձագիտական ու լրագրողական շրջանակներում մոդայիկ է դարձել «մետությունը»։ Նրանք, ովքեր իրենց առաջադեմ են համարում՝ հանդես են գալիս արևմտամետության դիրքերից՝ ռուսամետներին համարելով հետադիմական հայացքների կրողներ։

Իրականում արևմտամետ–ռուսամետ դիլեման կեղծ է Հայաստանի համար, իսկ իրենց արևմտամետ կամ ռուսամետ հռչակողները գավառական պատկերացումներ ունեն պետության մասին և շատ հաճախ մանր ժուլիկությամբ են զբաղված։ «Մետությամբ» տառապողները որքան էլ հակառակ ճամբարներում գտնվեն, բովանդակային առումով իրարից չեն տարբերվում և խոր մարգինալներ են։ Դաշնակիցներ գտնելը չպետք է շփոթել վասալային կախվածության մեջ հայտնվելու կամ այլոց ապավինելու հետ (լինի դա Արևմուտքը կամ ՌԴ–ն)։

«Արևմտամետներին» թվում է, թե եթե իրենք քծնում են ամերիկացիներին կամ եվրոպացիներին, ապա շահեկանորեն տարբերվում են նրանցից, ովքեր քծնում են ռուսներին։ Բայց դե՝ քծնանքը մնում է քծնանք։ Նույնը կարելի է ասել նաև այս կամ այն երկրի շահերը Հայաստանում ներկայացնող գործակալների մասին։ Գործակալը մնում է գործակալ, և ի՞նչ կապ ունի, թե որ երկրին է ծառայում։

Հայաստանը պետք է առաջնորդվի իր շահերով, իսկ Հայաստանի շահն այն է, որ արտաքին դաշտում գործընկերների ընտրության հարցում «կամ–կամ» խնդրի առաջ չկանգնի։

«Նախաձեռնողական» քաղաքականությամբ Սերժ Սարգսյանը, ձգտելով ամեն կերպ տարբերվել Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականությունից, սկսեց «ֆինտուֆլյուշկաներ» անել և բոլորին «Այո» ասել։ Հիմա նա հասկացել է այդ քաղաքականության սնանկությունն ու հերոսաբար ուզում է վերադառնալ «և–և»–ին կամ որ նույնն է՝ կոմպլեմենտար արտաքին քաղաքականությանը, սակայն այնքան է խճճվել իր քայլերում, որ հարվածի տակ է դրել ՀՀ անվտանգությունը։

ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագի՞ր, թե՞ ՌԴ–ի հետ մաքսային միություն երկընտրանքը կործանարար կարող է լինել ՀՀ–ի համար, մանավանդ Ադրբեջանի ու ՌԴ–ի միջև նկատվող ջերմացման պայմաններում։ Հետևաբար՝ Հայաստանը պետք է հետ պտտեցնի «նախաձեռնողականությունը»՝ տարբեր պատճառաբանություններով հրաժարվելով ինչպես նոյեմբերին սպասվող ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագրի նախաստորագրումից, այնպես էլ ՌԴ–ի հետ մաքսային միության մաս կազմելուց։

Պաշտոնական Երևանը կարող է ԵՄ–ին ու ՌԴ–ին բացատրել, որ չի կարող այս պահին մտնել այդ իրարամերժ գործընթացների մեջ։ Այդպիսով կկանխվի Ղարաբաղի գլխին սպառնացող վտանգը, քանզի Հայաստանը կդադարի հզոր ուժերի մրցակցության պոլիգոն լինելուց։

Ի դեպ, ուշագրավ է, որ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր չի նախատեսված Ադրբեջանի հետ։ Մինչդեռ Արևմուտքը մշտապես պահել է պարիտետը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Հիմա ԵՄ–ն աչք է փակում Ադրբեջան–Ռուսաստան մերձեցման և Ռուսաստանի կողմից Ադրբեջանի զինման հանգամանքների վրա ու միայն Հայաստանին է ուզում ներգրավել Սևրի դաշնագիրը հիշեցնող փաստաթղթային գործընթացի մեջ։ Այսինքն՝ Արևմուտքը, սեփական շահերից ելնելով (էներգետիկ կախվածության թուլացում Ռուսաստանից և կովկասյան տարածաշրջանի մոնոպոլ վերահսկում), Հայաստանին առաջարկում է թուղթ, բայց դիմացը տալիս է ընդամենը փողի խոստում («Ավելին ավելինի դիմաց»), ինչպես նաև Լեհաստանի նախագահի շուրթերով հասկացնում է, որ պետք է Ռուսաստանի հետ թուլացնել կապերն ու ընտրություն կատարել «կամ–կամ» տարբերակով։ Իսկ ահա Ադրբեջանի մասով ԵՄ–ն «կամ–կամ»–ի խնդիր չի դնում և չտեսնելու է տալիս այն վտանգավոր գործարքը, որը վերջերս կնքվեց ՌԴ–ի ու Ադրբեջանի միջև։ ԵՄ–ն չի մտահոգվում ՌԴ–Ադրբեջան մերձեցմամբ, բայց արի ու տես, որ մեր առաջ «կամ–կամ»–ի խնդիր է դնում։

ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացում Ադրբեջանը հետ է Հայաստանից, ինչը մեր թշնամի երկրին հնարավորություն է տալիս ՌԴ–ի հետ խորացնել ռազմա–քաղաքական համագործակցությունը և առնվազն լոյալություն ստանալ Ղարաբաղյան հնարավոր պատերազմի դեպքում։ Արևմուտքը շատ լավ հասկանում է այդ ամենը, բայց լռում է, քանզի այդ ճաշն ինքն է եփում։ Չհասկանալ այս ամենը՝ նշանակում է վտանգի տակ դնել Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը։

Այնպես որ, կրկնեմ՝ պաշտոնական Երևանը պետք է հրաժարվի ինչպես ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին մաս կազմելուց, այնպես էլ ՌԴ–ի առաջարկած Մաքսային միության մեջ մտնելուց։ Այս պահին մենք այլ տարբերակ չունենք։ Կարծում եմ, որ մեր արևմտյան ու հյուսիսային գործընկերներն ըմբռնումով կմոտենան այդ որոշմանը։ Նրանք իրենց շահերն ունեն, մենք էլ՝ մերը։ Հետագայում, երբ վտանգը կանցնի, ու Հայաստանում նոր իշխանություններ կձևավորվեն՝ Երևան–Մոսկվա–Բրյուսել եռանկյունու բոլոր սուր անկյունները կկլորացվեն, ու մենք, առանց ՀՀ անվտանգությունը թուլացնելու, կշարունակենք եվրաինտեգրացիան՝ զուգահեռաբար պահպանելով ռազմա–քաղաքական կապերը ՌԴ–ի հետ ՀԱՊԿ–ի շրջանակներում։ Մոտ ապագայում անվտանգության այլ համակարգ Հայաստանը օբյեկտիվորեն չի կարող ընտրել։ Չի կարելի պատրանքներով ապրել, թե ՆԱՏՕ–ն կապահովի Հայաստանի անվտանգությունը։ Այլ հարց է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության երաշխիքների առկայության դեպքում հետագայում կարելի է արդեն մտածել ապառազմականացման ու երրորդ երկրների ռազմական ներկայությունը տարածաշրջանում բացառելու մասին։ Առայժմ նման հեռանկար չի երևում։

Մեր ազգային–պետական շահերը և անվտանգության ապահովումը վեր են ամեն տեսակ «մետություններից»։ 1920–ին մերոնք դատարկ թղթի հետևից գնացին և ուրախացան, որ Սևրում մեզ հսկայական տարածքներ հատկացրեցին... թղթի վրա։ Արդյունքում՝ առաջին հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ։

Եթե մենք անգամ մեր սխալների վրա չենք կարողանում սովորել, ապա իրավունք չունենք պետություն ունենալու և արժանի չենք պետականակերտ ազգ կոչվելու։ Մեզ նոր Սևր պետք չէ, և մեզ պետք չեն դատարկ խոստումներ տվող նոր վուդրովիլսոններ։

Մենք պետք է պահենք ու զարգացնենք Հայաստանն ու Ղարաբաղը։ Մեր սահմանները որոշվում են ոչ թե թղթերով, այլ հայ զինվորի կանգնած տեղով։ Մեր անվտանգությունը չի կարելի առևտրի առարկա դարձնել և թակարդում դրված ձրի պանրի հետևից գնալ։ Մեր դիվանագիտության գործը պետք է լինի դե ֆակտո գծած սահմանը դե յուրե դարձնելը։ Իսկ դրան հասնելու համար պետք է փոխել իրավիճակը Հայաստանի ներսում։ Բոլոր հարցերը լուծվում են Երևանում, այլ ոչ թե Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Բրյուսելում։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ ՀՀԿ–ի ղեկավարությանը խորհուրդ եմ տալիս Նժդեհ կարդալ։ Արտաքին կողմնորոշումների ու պատմությունից դասեր քաղելու վերաբերյալ նրա գրածները օգտակար կարող են լինել «նախաձեռնողականների» համար։

Այս խորագրի վերջին նյութերը