Լրահոս

10.07.2013 18:59


Հայ-իտալական գործարար համաժողով Հռոմում

Հայ-իտալական գործարար համաժողով Հռոմում

Հուլիսի 9-ին Հռոմում Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ «Իտալական ձեռնարկությունների զարգացման հնարավորությունները Հայաստանում» խորագրով գործարար համաժողով:

Համաժողովին, որի կազմակերպիչներն էին Իտալիայում ՀՀ դեսպանությունը, «Global Business Services»իտալականկազմակերպությունը եւ Զարգացման հայկական գործակալությունը, մասնակցեցին զբոսաշրջության, դեղագործության, հաստոցաշինության, ապահովագրության, սննդի վերամշակման, փոստային ծառայությունների, կահույքագործության ոլորտներում ներգրավված շուրջ 60 իտալական ընկերությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանում առկա բիզնես միջավայրը, Հայաստանի արտահանման/ներմուծման ցուցանիշները եւ հիմնական ոլորտները, ներդրումների խրախուսմանն ուղղված պետության հարկային եւ մաքսային քաղաքականությունը, բիզնեսի զարգացման եւ ներդրումների համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով կատարելագործվող իրավական դաշտը, ինչպես նաեւ Հայաստանում ստեղծված ազատ առեւտրի գոտիների համատեքստում բիզնեսի զարգացման հնարավորությունները:

Համաժողովի ընթացքում մասնակիցները տեղեկացվեցին հայաստանցի գործարարների հետ անմիջական կապեր հաստատելու նպատակով «Global Business Services»կազմակերպության նախաձեռնությամբ անցած տարվա սեպտեմբերից մեկնարկած իտալացի գործարարների` Հայաստան կազմակերպվող պարբերական բիզնես-առաքելությունների մասին:

Իր խոսքում Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը անդրադարձավ հայ-իտալական տնտեսական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին, Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումներին` ընդգծելով միջազգային տնտեսական եւ վարկանիշային հեղինակավոր հաստատությունների ու կազմակերպությունների կողմից Հայաստանին տրվող գնահատականների դրական դինամիկան:

ՀՀ դեսպանը նաեւ կարեւորեց ԵՄ հետ Հայաստանի համագործակցության հետագա խորացումը, անդրադարձավ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ վարվող բանակցային գործընթացի ավարտական փուլին, ընդգծեց, որ համաձայնագիրը լայն հնարավորություններ կստեղծի նաեւ հայ-իտալական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար:

Այս խորագրի վերջին նյութերը