Լրահոս

10.07.2013 17:52


Սոցիալական փաթեթի հանգստի գումարը կփոխանցվի միանվագ

Սոցիալական փաթեթի հանգստի գումարը կփոխանցվի միանվագ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Սոցիալական փաթեթի հատկացման կարգի վերաբերյալ 2012թ. դեկտեմբերի 27-ի որոշման մեջ, ինչը պայմանավորված է սոցիալական փաթեթի գումարների միանվագ փոխանցման անհրաժեշտությամբ` աշխատողի հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում: Այսպիսով հանգստի ծառայությունների համար միանվագ փոխանցում իրականացնելու հնարավորությամբ կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ: Կարևորելով պետական ծառայողների հանգիստը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում կազմակերպելու հնարավորությունը, վարչապետը հանձնարարել է վերահսկողություն իրականացնել տուրիստական փաթեթի գների նկատմամբ, որպեսզի տուրօպերատորները չխախտեն ձեռք բերված պայմանավորվածությունները և չներկայացնեն առողջապահական և տուրիստական համալիրների գները գերազանցող առաջարկներ:

ՀՀ կառավարությունը, փոփոխություններ կատարելով իր նախկինում ընդունած երեք որոշումներում, «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» հաստատություններին թույլատրել է գործել որպես ինքնուրույն պետական ոչ առևտրային կազմակերպություններ, աննպատակահարմար համարելով նրանց վերակազմավորումը, համապատասխանաբար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կազմում:
Հաշվի առնելով, որ Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծին համապատասխան փոփոխություններ կատարելու աշխատանքները դեռևս չեն ավարտվել, կառավարությունն իր 2012թ. մայիսի 31-ի արձանագրային որոշմամբ սահմանված ժամկետն ավելացրել է վեց ամսով, նախատեսված աշխատանքները լիարժեք և պատշաճ իրականացնելու համար, ինչը զբոսաշրջային այցելությունների թվի աճի, եկամտի ավելացման և աշխատատեղերի ստեղծման հավելյալ հնարավորություն կստեղծի:
Կառավարության համապատասխան որոշմամբ «Եղեգնաձորի ատամնապրոթեզարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպվել, միացվել է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին:
Հիմք ընդունելով «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, կառավարությունը սահմանել է կալանավորված անձանց և դատապարտյալների ՄԻԱՎ վարակի վերաբերյալ բուժաշխատողների կողմից նախաթեստային և հետթեստային խորհրդատվության և հետազոտության իրականացման կարգը:

Այս խորագրի վերջին նյութերը