Լրահոս

10.07.2013 17:37


Լևոն Բարսեղյան. «Արտակ Բուդաղյանի դեմ քրեական գործի հարուցումը Բուդաղյաններից որևէ մեկին պատանդ վերցնելու իրավական հնարք է»

Լևոն Բարսեղյան. «Արտակ Բուդաղյանի դեմ քրեական գործի հարուցումը Բուդաղյաններից որևէ մեկին պատանդ վերցնելու իրավական հնարք է»

Հարցազրույց «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ–ի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի հետ

–Ինչպես կմեկնաբանեք Արտակ Բուդաղյանի դեմ քրեական գործի հարուցումը:

–Ես կարծում եմ, որ դա Բուդաղյաններից որևէ մեկին պատանդ վերցնելու իրավական հնարք է, որպեսզի նախկին մարզպետը որևէ վրեժխնդրության ռիսկի չենթարկվի: Կարծում եմ, որ այդպիսի հնարք է կիրառում Հայաստանի ավտորիտար ռեժիմը, որովհետև նախկին մարզպետը ինչպես կարողացել է, այնպես սպասարկել է Հայաստանի ավտորիտար ռեժիմին, ձայներ է ապահովել և շատ ուրիշ բաներ, ու մնացել է անպատիժ: Հիմա շատ մեծ է վրիժառության ռիսկը: Ցավոք ես կարծում եմ, որ այս իշխանության օրոք արդարադատություն տեղի չի ունենա, և տուժած կամ մարդկային կորուստներ կրած կողմը որևէ կերպ վերականգնելու է իր «արդարությունը»: Ըստ երևույթին իշխանության ձեռքին որևէ այլ բան չի մնում, քան պատանդ վերցնել հրամանատար Բուդաղյանին: Ես չեմ կարծում, թե Հայաստանում իրավապահները զբաղված են արդարադատություն իրականացնելով: Ցավոք, բազմաթիվ օրինակներ ունենք, երբ անպատիժ են մնացել պաշտոնյաները համանման, ավելի վատ կամ ավելի մեղմ հանցանքներ գործելուց հետո:

–Սուրիկ Խաչատրյանն ասել է, որ Սյունիքի նոր մարզպետ նշանակելուց առաջ հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ՝ քննարկելու այդ հարցը: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

–Ես չեմ կարծում, թե Լիսկան ստում է, և հավատում եմ, որ նա մնում է Հայաստանի օրինազանց իշխանության հենասյուներից մեկը։ Բացառված չէ, որ իսկապես խորհրդակցած լինեն հետը: Դա ապացուցում է ուղղակի, որ մարզի ֆեոդալը մնում է Լիսկան` Սուրիկ Խաչատրյանը, իսկ մարզպետները կարող են փոփոխվել:

Այս տեսակ ռեժիմներում հնարավոր է, որ շատ-շատերը ուզենան նրա տեղն էլ գրավել։ Առայժմ միայն մարզպետի տեղն են կարողանում գրավել, Լիսկան փաստորեն մնում է Սերժ Սարգսյանի հենասյուներից մեկը: Այլ կերպ ուղղակի չէի էլ պատկերացնում, բազմաթիվ ահազանգերին ի պատասխան՝ իշխանությունը նախկինում որևէ որակյալ արձագանք ցույց չի տվել, այլապես վաղուց կկարողանար պաշտոնանկ անել այդ մարդուն և իր տեղը ցույց տալ, կարգի հրավիրել, օրենքով սահմանված կարգով պատժել։ Սակայն դա տեղի չի ունեցել, հիմա էլ գործը հասել է նրան, որ Սուրիկ Խաչատրյանն ասում է, որ իր հետ խորհրդակցել են: Նա պատահական չէր կարող ասել, որ իր հետ խորհրդակցել են: Նա դրանով ուզում է ցույց տալ, որ վայելում է մեր տարածքի գերագույն նայողի հովանավորչությունը, և իր հայտարարությունը լրացուցիչ անգամ գալիս է հաստատելու, որ առայժմ որևէ մեկը «մսի և եղունգի արանքը մտնել» չի կարող. իրենք իրար հետ «քիփ» են:

–Շշուկներ են շրջանառվում, որ Սյունիքից ընտրված պատգամավոր Վահան Հակոբյանին նշանակելով մարզպետ՝ իրականում ցանկանում են Սյունիքում նոր ընտրություններ անցկացնել, որպեսզի Սուրիկ Խաչատրյանը Սյունիքից ընտրվի ԱԺ պատգամավոր: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

–Չեմ բացառում, և դա համարում եմ ընդամենը փոքրիկ զորաշարժ։ Չեմ կարծում, որ սա իրեն շատ է պետք. գուցե թե սնափառ է, գուցե թե հարկ ունի, կարիք ունի ապացուցելու, որ ինքը առնվազն դեպուտատ տղա է։ Գուցե թե ա՛յս սխեմաններն են իրենց գլխի մեջ նստած։ Սրան մեծ նշանակություն չեմ տալիս, որովհետև Գալուստ Սահակյանի, Շարմազանովի՝ Ազգային ժողովում լինելուց հետո այնտեղ ամեն ինչ հնարավոր է, որ լինի:

Զրույցը վարեց Կարեն Թովմասյանը

Այս խորագրի վերջին նյութերը