Տնտեսական

10.07.2013 15:29


«Եթե էդքան ասեն՝ տաքսին կթանկանա, պարզ է՝ գործատերերը կթանկացնեն». տաքսի ծառայություն

«Եթե էդքան ասեն՝ տաքսին կթանկանա, պարզ է՝ գործատերերը կթանկացնեն». տաքսի ծառայություն

Այսօր համացանցում շարունակ լուրեր են շրջանառվում, թե հուլիսի 7–ից գազի գնի բարձրացման հետևանքով տաքսի ծառայություններն արդեն իսկ թանկացրել են իրենց սպասարկման գները։ Մասնավորապես՝ «նստելավարձը» 500–600 դրամից դարձել է 800–1000 դրամ, իսկ մեկ կմ–ի համար 100 դրամի փոխարեն գանձվում է 150 դրամ։

«7օր»–ը պատահական սկզբունքով ընտրված տաքսի ծառայություններից փորձել է ճշտել, թե որքանով են այս լուրերը հավաստի։ Թանկացման հետ կապված մեր հարցը նրանց բոլորին զարմացրել է, թեև հետո նշել են՝ դեռ չի թանկացել։

Օրինակ, «Միլենա» տաքսի ծառայությունից մեզ ասել են, որ տեղյակ չեն՝ առաջիկայում կթանկանա՞, թե՞ ոչ։

–Տնօրինությունը տեղյակ կպահի։ Դեռ չի թանկացել։ Մեզ մոտ միշտ էլ կիլոմետրը 100 է եղել, իսկ մինիմալը՝ 500,–նշել է հեռախոսավարը։

Նույնը պնդել են նաև «Լիաստղ» տաքսի ծառայությունից։ Ավելին՝ այնտեղից մեզանից են հետաքրքրվել՝ երթուղայիններն արդեն թանկացե՞լ են, թե՞ ոչ։

«Z» տաքսի ծառայությունից էլ են ասել, որ իրենց մոտ թանկացումներ դեռ չեն եղել։

–Չեմ կարող ասել՝ կլինի՞, թե՞ ոչ։ Տնօրինությունն է որոշողը, իսկ տնօրինությունը դեռ ոչինչ չի ասել։ Աշխատում ենք հին սակագներով։ Մինիմալը մնացել է 500։ Կթանկանա, չի թանկանա՝ չգիտենք,–ասել է հեռախոսավարը։

«Բիզի» տաքսի ծառայունից ևս պնդել են, որ նախկին սակագները պահպանվել են. մինչև 4 կմ–ն՝ 600 դրամ, դրանից հետո յուրաքանչյուր կմ–ն՝ 100 դրամ։

Մեր հարցին՝ եթե գազը թանկացել է, ինչպե՞ս կարող է տաքսի ծառայությունների սակագինը չբարձրանա, հեռախոսավարն արձագանքել է.

–Հա, ի՞նչ անենք, հնարավոր չի՞ էդպիսի բան լինի։ Պատկերացրեք՝ հնարավոր է։ Եթե մեր ժողովուրդն ըտենց շարունակի ասել, որ գազը թանկացել է, մնացածն էլ կթանկանա, բնականաբար արդեն գործատերերը կսկսեն թանկացնել։ Բայց հիմա ըտենց բան չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը