Մեկնաբանություն

14.07.2009 11:45


Կիսահամաներումը չի լիցքաթափի մթնոլորտը

Կիսահամաներումը չի լիցքաթափի մթնոլորտը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, մեկնաբանելով ԵԽԽՎ վերջին բանաձևը, հայտարարեց, թե դրանում ողջունվել է Հայաստանում հայտարարված համաներումը, սակայն մտահոգություն է հայտնվել, որ այն չի տարածվել բոլորի վրա։ Մասնավորապես, նշելով բանաձևի 5.1 կետը, որն իշխանություններին կոչ է արել, մինչև  դատական գործերի քննություն նշանակելը, մարտի 1-ի գործով հետախուզման մեջ գտնվողների ներկայանալու դեպքում  նրանց ազատության մեջ թողնել, Արմեն Հարությունյանն ասել է. «Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի և հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ, եթե նույնիսկ երկամսյա կալանք է կիրառվել, ուրեմն դա ուղղակիորեն հակասում է բանաձևի այս կետին»։

Թողնենք Արմեն Հարությունյանին. նա արեց ուղիղ այնքան, որքան կարող էր, բայց Նիկոլ Փաշինյանը դրանից ազատության մեջ չհայտնվեց։ Իսկ ի՞նչ չարեցին իշխանությունները, որ կարող էին անել։

Նիկոլ Փաշինյանն ընդհատակում էր դեռևս մարտի 1-ի իրադարձություններից հետո և օրինապահ մարմիններին հանձնվեց կամավոր կերպով։ Դա ժխտել կամ կասկածի տակ առնել չի կարող ոչ ոք։ Այդ դեպքում, ո՞րն է պատճառը, որ Նիկոլի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը, այն էլ՝ դռնփակ դատավարությամբ։ Եթե Նիկոլ Փաշինյանը խուսափեր արդարադատությունից, ապա կամովին չէր հանձնվի։ Ինչ վերաբերում է բուն հետաքննությանն ու դատավարությանը, ապա դժվար թե Նիկոլ Փաշինյանը, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված ոչ մի դրվագով, հրաժարվի բաց և հրապարակային գործընթացից։ Բացի այդ, եթե նրա նկատմամբ կալանք կիրառվեց, ապա դա նախազգուշացնող ազդակ հանդիսացավ բազմաթիվ այլոց համար, ովքեր հետախուզման մեջ են գտնվում մարտի 1-ի գործով։

Նիկոլ Փաշինյանը երկու ամսվա ազատություն կորցրեց, իսկ ի՞նչ շահեց իշխանությունը...

Էդուարդ Սարիբեկյան

«7 օր» կայքէջի խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը