Լրահոս

10.07.2013 14:07


Կառավարությունը հաստատեց իշխանություններից հիասթափված և արտագաղթած գյուղապետի հրաժարականը

Կառավարությունը հաստատեց իշխանություններից հիասթափված և արտագաղթած գյուղապետի հրաժարականը

Այսօր կառավարությունն իր նիստում հաստատել է Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի ղեկավար Գագիկ Վահրադյանին՝ իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատելու որոշումը։ Նրա հրաժարականը պաշտոնապես պատճառաբանվում է անձնական բնույթի խնդիրներով։

Նշենք, որ Գագիկ Վահրադյանն արտագաղթել է Ռուսաստանի Դաշնություն։

Նրա որդին՝ Իշխան Վահրադյանը, «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում ասել էր, որ կային ընտանեկան, տնտեսական ու ֆինանսական խնդիրներ։

«Այս իշխանություններից որևէ հույս, ակնկալիք ունենալ չես կարող, իսկ համայնքի բնակիչները համայնքի ղեկավար ընտրել են փոփոխությունների ակնկալիքով, բայց էս երկրի պայմաններում, այս կառավարության օրոք հնարավոր չէ ինչ-որ փոփոխություն արձանագրել՝ համայնքի բնակիչներին բարեկեցիկ կյանք ապահովելու համար»,–ասել էր նախկին գյուղապետի որդին:

Իսկ անձամբ Գագիկ Վահրադյանը դեռևս 2012թ. նոյեմբերի 22–ին «Հետք»–ին ասել էր, որ կառավարությունն ուզում է մի մեծ կողպեք կախել Կարմրաքարի վրա։

«5–հազարամյա գյուղս դատարկվում է։ Անհասկանալի մի գործընթաց է սկսվել, որ մսաղացի նման սաղիս առել է բերանն ու աղում է մեծ թե փոքր»,- բարձրաձայնել էր Գագիկ Վահրադյանը:

Լուսանկարը և տեսանյութը՝ «Հետք»–ի

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը