Լրահոս

10.07.2013 12:18


Հողային աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են ոսկրային մնացորդներ

Հողային աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են  ոսկրային մնացորդներ

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) տեղեկացնում է, որ Թեղուտի կառուցվող լեռնահանքային համալիրի հարստացուցիչ ֆաբրիկայի ջրամատակարարման խողովակաշարի շինարարական-մոնտաժային աշխատանքների տեղամասերից մեկում 2013թ. հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում կատարված հողային աշխատանքների ընթացքում՝ աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից դիտվել են մարդկային ոսկորներ հիշեցնող ոսկրային մնացորդներ: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տվյալ տեղամասում հողային աշխատանքները չեն շարունակվել, և երևույթին մասնագիտական գնահատական տալու նպատակով տարածք է հրավիրվել ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտի ներկայացուցիչը: Ընկերության տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանն ու անվ­թարայնու­թյան ապահովման ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտը Ընկերության հետ կնքված պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հնագիտական պեղումներ և այլ ուսումնասիրություններ է իրականացնում Ընկերության տարածքում, ինչպես նաև՝ մասնագիտական մշտական վերահսկողություն է ապահովում հողային աշխատանքների ընթացքում հնարավոր հայտնաբերվող հուշարձանների և այլ պատմամշակութային արժեքների գնահատման և պահպանության միջոցառումների նկատմամբ:

Մասնագիտացված կազմակերպության ներկայացուցիչը փաստել է, որ մինչ տվյալ տարածքում որևէ հողային աշխատանք սկսելը ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտի արշավախումբը հնագիտական դիտարկումներ ու մակերևույթի այլ ուսումնասիրություններ է իրականացրել այդ վայրերում և որևէ հուշարձանի արտաքին նշաններ չի հայտնաբերել: Հողային աշխատանքներ տվյալ տարածքում իրականացվել են միայն դրանից հետո:

Ընկերության ներքին իրավական ակտերով՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կարգավորված են նաև այն դեպքերը, երբ հնագիտական դիտարկումները և մակերևույթի ուսումնասիրությունները մշակութային ժառանգության արտաքին նշաններ չեն հայտնաբերում, սակայն բուն հողային աշխատանքների ժամանակ դիտվում են մշակութային շերտի հետքեր, տվյալ դեպքում՝ մարդկային ոսկորներ հիշեցնող ոսկրային մնացորդներ: Այդպիսի դեպքերում հողային աշխատանքները դադարեցվում են, և հրավիրվում է համապատասխան մասնագիտացված կազմակերպության ներկայացուցիչը, ինչն էլ տվյալ դեպքում կատարվել է:

Ըստ մասնագիտացված կազմակերպության ներկայացուցչի նախնական գնահատականի՝ տվյալ տեղամասում դիտված ոսկրային մնացորդները կարող են ունենալ 300-ից 500 տարվա վաղեմություն և հնագիտական կամ պատմամշակութային արժեք չեն ներկայացնում:

Հայտնում ենք նաև, որ 2013թ. հուլիսի 5-ի կեսօրին մոտ, բնապահպան ակտիվիստ ներկայացող անձանց մի խումբ ապօրինի կերպով մուտք է գործել Ընկերության տարածք, կատարել տեսագրություններ ու լուսանկարահանումներ և շահագրգիռ հանրության շրջանում տարաբնույթ թյուրիմացություններ առաջացնող մեկնաբանություններով դրանք տարածել սոցիալական ցանցերով, որտեղից էլ թյուրիմացությունները թափանցել են համացանցային լրատվամիջոցներ: Ընկերությունը ներկայում քննարկում է իր հնարավոր գործողությունները՝ տեղի ունեցածի համարժեք իրավական գնահատականի ապահովման ուղղությամբ:

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերություն

Այս խորագրի վերջին նյութերը