Լրահոս

10.07.2013 11:36


ՀԱԿ–ը Վերաքննիչ դատարանից որևէ ակնկալիք չունի

ՀԱԿ–ը Վերաքննիչ դատարանից որևէ ակնկալիք չունի

Ինչպես երեկ «7օր»–ը տեղեկացրել էր՝ 2013թ. հուլիսի 4–ին «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի գործն ուղարկվել է Վերաքննիչ դատարան։ Սա նշանակում է, որ 15 օրվա ընթացքում (անհրաժեշտության դեպքում ևս 10 օր երկարաձգելու հնարավորությամբ) դատարանը պետք է հրապարակի դատական նիստի օրը: Այսինքն՝ մինչև այս ամսվա վերջը դատական նիստի օրն արդեն հայտնի կլինի:

«7օր»–ի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասել է, որ իրենք որևէ ակնկալիք չունեն այդ նիստից։

Մենք ոչ մի ակնկալիք այս երկրի քաղաքական համակարգից չունենք։ Դա նույնն է՝ Սերժ Սարգսյանից ինչ–որ բան ականկալել։ Իսկ մենք նրանից ակնկալիք չունե՛նք։ Մենք ուղղակի մեր պայքարը տանում ենք առաջ ու պայքարելու ենք մինչև վե՛րջ՝ տղաների ազատման համար, և որպեսզի Հայաստանում քաղբանտարկյալ չլինի։ Դրա համար կօգտագործենք սահմանադրական հնարավոր բոլոր միջոցները,–մեզ հետ զրույցում ասել է Լ. Զուրաբյանը։

Նա նաև ընդգծել է, որ մինչ այժմ Սերժ Սարգսյանի բոլոր վճիռները եղել ենք քաղաքական դատավճիռներ։

–Իրենք իրենց խնդիրներն են լուծում՝ ելնելով իրենց քաղաքական նպատակներից։ Բայց մենք մեր քաղաքական պայքարը չենք հարմարեցնում իրենց քաղաքական հաշվարկներին։ Մենք անում ենք մեր գործը և ամեն հնարավորը կազմակերպում ենք,–եզարփակել է ՀԱԿ փոխնախագահը։

Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 8–ին Վճռաբեկ դատարանը որոշել էր բեկանել ՀԱԿ ակտիվիստ այս 4 տղաների նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը ու կրկին ուղարկել էր Վերաքննիչ դատարանի լրացուցիչ քննության:

Նշենք նաև, որ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Դավիթ Քիրամիջյանը և Սարգիս Գևորգյանը 2–6 տարվա ազատազրկման են դատապարտվել 2011թ. օգոստոսին Ազատության հրապարակի Կարապի լճի մոտակայքում ոստիկանների հետ տեղի ունեցած բախման համար։ Դավիթ Քիրամիջյանը և Սարգիս Գևորգյանը դատարանի կողմից մեղավոր էին ճանաչվել խուլիգանության, Արտակ Կարապետյանը՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ Տիգրան Առաքելյանը՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը