Մեկնաբանություն

09.07.2013 15:48


Գնեք «Մեծ հաջողություն» լոտո և կհայտնվեք «Ապահով Հայաստանում»

Գնեք «Մեծ հաջողություն» լոտո և կհայտնվեք «Ապահով Հայաստանում»

Սերժ Սարգսյանին, հավանաբար, թվում է, որ նախընտրական շրջանում արտասանած իր ճառերը ժողովուրդը մոռանալու է առհավետ, բայց շարունակելու է ապրել բացառապես «Ապահով Հայաստանի» տեսլականով: Տեսլական, որ իրականություն է դառնալու հայտնի չէ, թե որ երկրում: Սերժ Սարգսյանի թվում է, թե միայն այդ տեսլականը բավարար է, որպեսզի ժողովուրդը հուսավառվի ապագայի հույսով:

Ավաղ, ներկան, որ տանում է դեպի ապագա, մեղմ ասած, հուսադրող չէ: Մանավանդ, երբ մարդիկ ոչ միայն չեն մոռանում, այլեւ՝ հիշում են Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները:
Այսպես. վերջին նախագահական ընտրությունների քարոզարշավի ավարտին Սերժ Սարգսյանը հայտարարում ու վստահեցնում էր, թե.
«Դուք կարող եք ընտրել այն ապագան, որտեղ մենք երթևեկում ենք անվտանգ ճանապարհներով: Որտեղ ծառայությունները մատուցվում են որակով: Որտեղ կրթություն ստանում են աշխատելու համար: Որտեղ խմելու ջուրը, էլեկտրաէներգիան, գազը, կապը հասանելի են ու մատչելի յուրաքանչյուրի համար՝ ընդհուպ մինչև ամենահեռավոր սահմանամերձ փոքրիկ գյուղը: Որտեղ արդարությունը ոչ թե խորհրդային անցյալում են փնտրում, այլ գտնում են անկախ դատարաններում: Որտեղ խոսքի ազատությունը սահմանափակում է միայն ասելիքի բացակայությունը»:
Ճիշտ է, ջուրը դեռ չի թանկացել, եւ երեւի դա էր պատճառը, որ ժողովուրդը կիրակի օրը հավեսով նետվեց Վարդավառի «ջրոցիի» խելակուրույս հորձանուտը՝ հասցնելով դատարկել անգամ Կարապի լիճը:
Իսկ ա՛յ, գազն ու էլեկտրաէներգիան այլեւս մատչելի չեն շարքային քաղաքացու համար, քանի որ հուլիսի 7-ի կեսգիշերին տրվեց թանկացման «մեկնարկը»: Հաջորդ օրն արդեն սկսեցին խոսել քաղաքային տրանսպորտի թանկացման անխուսափելիության մասին: Իսկ մեզանում հենց այնպես ոչինչ չի ասվում, ուրեմն՝ առաջիկայում սպասենք տրանսպորտի թանկացմանը: Դե հիմա ինչ է պատահել. երկրում գործազրկության չափերը ահռելի են, այսպես թե այնպես գործազուրկները տանը բանտարկված են, թող բանտարկված էլ մնան:

Գանք արդարության թեմայով տրված խոստմանը։ Արդարությունը անկախ դատարաններում գտնելու հույս ուղղակի չկա. անկախ դատա-իրավական համակարգ ունեցող երկրի գլխավոր դատախազությունը, օրինակ, «օֆշորի գործը» ոչ թե կփոխանցեր Կիպրոսի դատախազությանը, այլ՝ ինքը կհետաքններ ու համարժեք վճիռ կկայացներ:

Դե, իսկ միայն ասելիքի բացակայությամբ պայմանավորված խոսքի ազատության սահմանափակումների մասին պնդումը ծիծաղելի է, երբ Սերժ Սարգսյանի այդ նախընտրական ելույթին հաջորդած մեկ-երկու ամիսներին Ֆեյսբուքում կատարած գրառումների համար աշխատանքից ազատեցին երկու լրագրողի:
Թերեւս, միայն Սերժ Սարգսյանը եւ նրա թիմը կպնդեն, որ այդ լրագրողների գրառումները առանձնանում էին «ասելիքի բացակայությամբ»:

Շարունակենք: Սերժ Սարգսյանի նախընտրական հերթական խոստումը.

«Հայաստանում ոչ մի ընտանիք չպետք է զոհաբերի իր զավակի կրթությունը՝ հանուն օրվա հացի: Հայաստանցի ոչ մի երիտասարդ չպետք է կորցնի կրթվելու, մասնագիտություն ստանալու իր հնարավորությունը սոսկ այն բանի պատճառով, որ նրա ընտանիքը չի կարող վճարել կրթության համար: Ոչ մի ձեռնարկություն մեր երկրում չպետք է որակյալ մասնագետ փնտրի արտերկրում, քանի որ Հայաստանում չի կարողանում լավ մասնագետ գտնել: Պահանջված ոչ մի մասնագետ չպետք է լքի Հայաստանը՝ ավելի լավ պայմանների ակնկալիքով: Ո՞ր ապագան ենք փնտրում: Գտնելու ենք այն ապագան, որն ընտրելու ենք հաշված օրեր անց»:
Ավելորդ է հիշեցնել, որ այս ելույթից շատ չանցած Արմեն Աշոտյանը «աչքալուսանք» տվեց՝ հայտարարելով, թե բարձրանալու են ուսման վարձավճարները: Եվ ԲՈՒՀ-երն անմիջապես բարձրացրին վարձավճարները: Հետաքրքիր է, հիմա Սերժ Սարգսյանի նշած ընտանիքները ինչպես են մուծելու այդ գումարները: Կարծես, թե ՀՀԿ-ն ինչ-որ հիմնադրամ չի ստեղծել, որպեսզի այդ երիտասարդները չկորցնեն կրթվելու, մասնագիտություն ստանալու հնարավորությունը:
Ինչ վերաբերում է մասնագետների՝ Հայաստանը չլքելու մասին Սերժ Սարգսյանի հրահանգին կամ բարի ցանկության, ապա նրա այդ ելույթից առաջ եւ հետո երկրին արդեն լքել է 200 հազարից ավելի մարդ:

«Ես բնավ չեմ պատրաստվում ձեռքերս ծալած հետևել, թե ինչպես են ոմանք քննարկում երկիրը հետընթաց ճանապարհով ուղղելու հեռանկարը: Դեպի այն օրերը, երբ հասարակ մարդիկ դառը քրտինքով տարիների աշխատածը կորցնում էին մի գիշերվա մեջ: Երբ աշխատողն անդառնալիորեն կորցնում էր աշխատանքը: Երիտասարդ մասնագետն իր մասնագիտությունն ստանալուց ու ուսումն ավարտելուց հետո իրեն գտնում էր նոր իրականության մեջ ավելորդ: Երբ հայաստանցին հայտնվում էր փողոցում, անտուն, անտիրական, անապահով: Երբ մարտի դաշտից տուն վերադարձող՝ երկիրը թշնամուց ազատագրած ազատամարտիկը, երբեմն, իր տունը զավթած էր գտնում ու իր տնտեսական ճակատամարտը՝ պարտված: Երբ անարդարությունից դառնացած հայաստանցին լքում էր հայրենիքը, խռով հոգով: Հաճախ՝ երբեք ետ չվերադառնալու որոշումով»-նույն օրերին հայտարարում էր Սերժ Սարգսյանը:
Իսկ ո՞ր օրերում ենք ապրում մենք, երբ ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց բողոքի ակցա է անում անտուն, անտիրական, անապահով հայաստանցին: Ավելին՝ ազատամարտիկները եւս բողոքի ցույցեր կազմակերպեցին, որոնց իշխանությունը «հանգստացրեց» նրանց կարգավիճակի մասին ԱԺ-ում օրինագծի ընդունման նախաձեռնությամբ:
Իսկ այդ օրինագիծը այլ բան չէ, քան զուտ բարոյական աջակցություն թշվառության մեջ ապրող ազատամարտիկներին: Երեւի իրենց այդ կարգավիճակի մասին վկայականը քսելու են հացին ու տան թոռներին, որ ուտեն:
Ինչեւէ, «Ապահով Հայաստանը» կերտվում է… ճառերով:

Կիմա Եղիազարյան

Հ.Գ.։ Բայց կարծես թե «Ապահով Հայաստանի» այլ տարբերակ էլ կա. որքան հասկանում եմ՝ ազգովին նորից սկսելու ենք լոտո խաղալ, որ կարողանանք ինչ-որ բան «շահել» ու գոյություն քարշ տալ:
Ինչպես Հայկուշ տատիկը, որը «Մեծ հաջողություն» լոտոյով ավտոմեքենա է շահել, եւ այդ «շահումը» օրուգիշեր ցույց են տալիս բոլոր հեռուստաընկերությունները:

Այս խորագրի վերջին նյութերը