Կարծիք

09.07.2013 14:45


Բենիամին Մաթևոսյան.

Բենիամին Մաթևոսյան.

Ինչքան էլ մեր իշխանությունները փորձեն կոծկել իրականությունը և փաստերը, միևնույնն է` վաղ թե ուշ ամեն ինչը ջրի երես դուրս կգա: Իսկ իրականությունը հետևյալն է. Հայաստանի «նախաձեռնողական» (իսկ իրականում քիրվայական և խայտառակ) քաղաքականությունը բերեց նրան, որ մենք փչացրեցինք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ (վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանը Ռուսաստանից զենք-զինամթերք չի ստացել, իսկ ահա Ադրբեջանը միայն վերջերս մոտ 1 մլրդ. դոլարի զենք գնեց ռուսներից, ինչը ակնհայտորեն խախտում է ուժային բալանսը տարածաշրջանում և ավելի տեսանելի է դարձնում պատերազմի վերսկսման հավանականությունը ), իսկ արևմուտքը չի շտապում և չի էլ շտապելու օգնության ձեռք մեկնել Հայաստանին (հիշենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո արևմուտքը չեղյալ հայտարարեց «Դոնորների կոնգրեսը», որի ժամանակ պետք է լուծվել Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը), քանի որ արևմուտքում նույնպես վստահություն չունեն մի ռեժիմի հանդեպ, որը Ռուսաստանին խոսք է տալիս մտնել Մաքսային միություն, իսկ մյուս կողմից էլ նոյեմբերին պատրաստվում է ասոցիացման պայմանագիր ստորագրել եվրոպացիների հետ:

Իշխանությունների կողմից վարած քիրվայական քաղաքականությունը բերեց նրան, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ օրակարգային է դառնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը: Այս իրավիճակը (ասոցացման պայմանագիրը ստորագրելուց առաջ) նման է այն իրավիճակին, որը մենք ունեինք Սևվրի պայմանագիրը ստորագրելուց առաջ: Փաստացի Սևրի պայմանագիրը նշանակում էր ոչ միայն թվացյալ 160 000 քառակուսի կիլոմետր տարածք, այլ նաև Ռուսաստանի դեմ դուրս գալը (դա նույնն է, ինչ այսօր Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, մտնի ՆԱՏՕ): Եւ ի՞նչ եղավ այդ ամենի վերջում: Այո՛: Մենք կորցրեցինք պետականությունը, տարածքները և վերջում հայտնվեցինք ԽՍՀՄ-ի կազմում: Իսկ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և եթե ինչ որ մեկը կարծում է, որ «միջազգային հանրությունը» և նմանատիպ այլ` իրականում էֆեմեր երևույթներ կկանխեն իրադարձությունների նման զարգացումը, ապա այդ մարդիկ ուղղակի կտրված են իրականությունից և ապրում են երազանքների երկրում:

Եթե մարդիկ դեռ չեն հայտնվել մարազմի մեջ, ապա պետք է տեսնեն այս վտանգը և քայլեր ձեռնարկեն` այն կանխելու նպատակով: Եւ այս ամենի ճանապարհը միակն է. պետք է համախմբվել և, ճնշելով օրվա կուրսով ապրող իշխանություններին, ստիպել նրանց ետ կանգնել իրենց ծրագրերից, քանի որ, մեղմ ասած, սրա վերջը վատ է լինելու: Հիշենք, որ Էլչիբեյը նույնպես ուզում էր «խաղեր տալ», իսկ վերջում հասել է նրան, որ «մի ֆուր» տարածքներ կորցրեց: Ասածս այն է, որ նմանատիպ իրավիճակների նախադեպերն արդեն եղել էին:

Իհարկե, ես չեմ ասում, որ պետք է գնալ և ռուսների գիրկն ընկնել, սակայն Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որ դատապարտված է կոմպլիմենտար քաղաքականություն վարել, և մեր դուրը գալիս է, թե ոչ` դա է միակ ճանապարհը:

Հ.Գ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխող վերնախավը պետք է մեկ բան հստակ հասկանա և ընկալի. եթե շարունակեն բերանները ջուր պահած նստել և ոչ մի քայլեր չձեռնարկեն` այս աղետը կանխելու ճանապարհին, ապա հենց իրենք են լինելու Ադրբեջանի ագրեսիայի առաջին զոհերը: Դա իմ խորին համոզմունքն է: Դե գնացե՛ք և մտածե՛ք:

Բենիամին Մաթևոսյան

Այս խորագրի վերջին նյութերը