Լրահոս

09.07.2013 13:25


ՀԿԵ-ում ամփոփեցին առաջին կիսամյակի արդյունքները

ՀԿԵ-ում ամփոփեցին առաջին կիսամյակի արդյունքները

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը երեքշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփեց Ընկերության առաջին կիսամյակի գործունեության արդյունքները: Վիկտոր Ռեբեցը նշեց, որ ապրիլից նկատվող փոխադրումների կրճատման միտումը գագաթնակետին էր հասել հունիսին՝ չնայած առաջին եռամսյակի դրական արդյունքներին:

- Փոխադրումների նախատեսված ցուցանիշը 2013 թվականի հունվար-հունիսին կատարված է 95,6%-ով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ փոխադրումները կրճատվել են 8,4%-ով: Չնայած նրան, որ կատարվել է բեռնման նախատեսված ցուցանիշը, այնուամենայնիվ, անցյալ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատ բեռնումը կրճատվել է 3,2%-ով, - հայտարարեց ՀԿԵ գլխավոր տնօրենը:

Ընկերության ղեկավարի կողմից բերված տվյալների համաձայն, 2013 թվականի հունվար-հունիսին բեռնումը արտահանման հաղորդակցությունում կատարվել է 93%-ով, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 1,3%-ով: Իսկ բեռնումը տեղական հաղորդակցությունում կրճատվել է 4,5%-ով կամ 35 հազ տոննայով:

Վիկտոր Ռեբեցը հատուկ նշեց ներմուծման հողորդակցությունում բեռնման ազդեցությունն երկաթուղու գործունեության վրա: Ըստ վիճակագրական տվյալների, բեռնումը ներմուծման հաղորդակցությունում կրճատվել է 22,6%-ով կամ 140 հազ տոննայով:

Նման միտումներ ՀԿԵ-ի ղեկավարն արձանագրեց նաև բեռնաթափման գործընթացում, նշելով, որ օրեկան բեռնաթափման ցուցանիշը հունվար-հունիսին կրճատվեց 60 վագոնով:

Միևնույն ժամանակ Ընկերության գլխավոր տնօրենը դրական միտումներ արձանագրեց ուղևորափոխադրումների ոլորտում, ընդգծելով, որ 2012 թվականի առաջին եռամսյակի հետ համեմատ ուղևորաշրջանառությունն աճել է 28,9%-ով: Վիկտոր Ռեբեցը հանձնարարեց շարունակել աշխատանքն ուղևորափոխադրումների ծավալների աճի և պահանջարկի խթանման ուղղություններով:

ՀԿԵ-ի ղեկավարը ներկաների հատուկ ուշադրությունը հրավիրեց ծախսերի օպտիմալացման խնդիրների վրա, հիշեցնելով, որ 2013թ. երկրորդ կիսամյակում արդեն ակնհայտ կլինի էլեկտրաէներգիայի սակագների աճը:

Վիկտոր Ռեբեցը նաև հատուկ ուշադրություն դարձրեց ենթակառուցվածքի և շարժակազմի վիճակին, երկաթուղու անվտանգությանը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը հանձնարարեց աշխատել երկաթուղի փոխադրումների նոր ծավալների ներգրավման, Ընկերության հանդեպ ունեցած բեռնափոխադրումների պարտքերի մարման, ինչպես նաև դրված խնդիրների կատարման ուղղություններով:

Այս խորագրի վերջին նյութերը