Տնտեսական

06.07.2013 14:00


Հուլիսի 7–ից «գազի մարդը» կթակի բոլորի դռները. բոյկոտի կոչ

Հուլիսի 7–ից «գազի մարդը» կթակի բոլորի դռները. բոյկոտի կոչ

«ՀայՌուսգազարդ»-ից տեղեկանում ենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 07.06.2013թ. որոշմամբ սահմանված՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության հետ կապված ընկերության մասնաճյուղերը հուլիսի 7-ից սկսելու են բնակիչ-բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը: Մատակարարի և բաժանորդի միջև փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը կազմվելու են բնական գազի նոր սակագնով կազմավորված պարտավորությունները նախորդից տարանջատելու նպատակով:

Այսինքն՝ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով ամրագրվելու է 2013թ. հուլիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի ցուցմունքը՝ բաժանորդի առևտրային հաշվառքի սարքի տվյալներին համապատասխան: «ՀայՌուսգազարդ»-ը խնդրում է բոլոր բաժանորդներին աջակցել փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացին և պարտադիր ներկա լինել հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը՝ հետագա տարաձայնություններից խուսափելու համար:

«Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամները, սակայն, հակառակ կոչն են անում։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Հայաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանություն» էջի միջոցով ՀՀ քաղաքացիներին հորդորում են չկազմել այդ ակտերը։

«Ձեզ տրվում է վերջին հնարավորությունը խուսափելու գազի գնի բարձրացումից: Արդեն պարզվել է, որ հուլիսի 7-ին Երևան գազի աշխատակիցները կթակեն Ձեր դռները և կտան Ձեզ մի թուղտ, որը կոչվում է փոխոդարձ ակտ։ Այդտեղ նշված կլինի Ձեր հասցեն, անուն ազգանունը, Ձեր հաշվիչի վերջին ցուցմունքը և նոր սակագինը։ Ոչ մի դեպքում չստորագրե՛ք այս փաստաթուխթը։ Հսկիչները կհամոզեն Ձեզ, կասեն, որ այս թղթի կտորը ոչ մի նշանակություն չունի։ Չխաբվե՛ք։ Չստորագրելով՝ դուք կմերժեք ՀայՌուգազարդի նոր սակագինը»,–ասված է նրանց հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ընդամնեը մեկ օր հետո՝ հուլիսի 7–ից, գազը կթանկանա 24 դրամով, իսկ հոսանքը՝ 8 դրամով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը