Մեկնաբանություն

05.07.2013 10:15


Տոն, որը միշտ մեզ հետ չէ

Տոն, որը միշտ մեզ հետ չէ

Հուլիսի 5–ը ՀՀ սահմանադրության օրն է։ Օրացույցի մեջ այս օրը տոնական գույնով է նշված, բայց դա մի տոն է, որը միշտ մեզ հետ չէ, քանզի չեն գործում Սահմանադրության հիմնական ու անփոփոխ համարվող հոդվածները՝ առաջին երկուսը։

1-ին հոդվածում ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ 2րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Սահմանադրությունն ընթերցելիս պարզում ես, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Թեև Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է, սակայն որևէ կազմակերպության կամ անհատի ՀՀ անկախության պատմության ընթացքում չեն դատել իշխանության յուրացման մեղադրանքով: Իսկ որ իշխանությունը պարբերաբար յուրացվել է, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։

Ըստ այդմ՝ Հայաստանում լուծված չէ ամենակարևոր՝ իշխանության և քաղաքացու ազատության հաշվեկշռի հարցը։ Ֆորմալ տեսակետից Սահմանադրությունն այդ հաշվեկշռի հարցը լուծել է, սակայն իրական կյանքում մենք ունենք ակտիվների ու պասիվների լրջագույն շեղումներ։ Իշխանությունը վերցրել է ինչքան ցանկացել ու կարողացել է, իսկ քաղաքացին՝ ինչքան թույլ են տվել։ Ու գնալով ավելի քիչ են թույլ տալիս քաղաքացուն։

Հայաստանում սահմանադրական բռնապետություն է։ Ազատությունները թույլատրված են այնքանով, որքանով չեն խանգարում իշխանության պահպանմանն ու վերարտադրմանը։ Իշխանությունն ամբողջությամբ օգտվում է իր լիազորություններից ու մի բան էլ ավելին, իսկ քաղաքացուն մնացել են պարտականություններն ու դեռ մի բան էլ ավելին։ Պետությունն ու Սահմանադրությունն այդպիսով արժեզրկվել են քաղաքացու աչքերում, քանզի բռնության կիրառման լեգիտիմ իրավունքից օգտվողները լեգիտիմ չեն։

Եթե ուզում ենք, որ սահմանադրական նորմերը գործեն և իշխանություն–ազատություն հաշվեկշռում դրական փոփոխություն տեղի ունենա, ապա պետք է պայքարենք։ Աշխարհի ոչ մի իշխանություն չի զիջի իր ունեցած ֆորմալ ու ոչ ֆորմալ լիազորությունները ու չի կատարի իր պարտականությունները, եթե չլինի ճնշում ներքևից։ Ու պետք չէ խաբվել այն դեմագոգիայից, թե իշխանության «ողջախոհ» թևը հանրության դաշնակիցն է և պետք է օգնել նրան, որպեսզի դրական փոփոխություններ լինեն։ Կյանքը ցույց տվեց, որ «ողջախոհ» թևն ավելի թալանչի է, քան օլիգարխ կոչվածները, որ «ողջախոհ» թևն անհայրենիք է և օֆշորի վկա, որ «ողջախոհ» թևը պետական միջոցները մսխում է մկան պես (թեև «Մուկի» անունն է դուրս եկել), որ «ողջախոհ» թևն ավելի վտանգավոր է պետության համար, քան Հայաստանի բոլոր փողոցային խուլիգանները միասին վերցրած, և որ «ողջախոհ» թևը մեծագույն դիլետանտներից կազմված խմբակ է։

Այնպես որ, պետք է պատրանքազերծ լինել ու գնալ ռացիոնալ ճանապարհով՝ դեն նետելով կեղծ «կլիշեներն» ու արհեստածին գաղափարները և ընտրելով բնական դաշնակիցներ։ Այդ դեպքում միայն Սահմանադրության օրը կդառնա տոն, որը միշտ մեզ հետ կլինի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը