Լրահոս

04.07.2013 12:30


Բելգիայի թագավորը գահից հրաժարվել է

Բելգիայի թագավորը գահից հրաժարվել է

Երեկ՝ հուլիսի 3-ին, Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդը հայտարարել է գահից հրաժարվելու և այն իր որդուն` 53-ամյա գահաժառանգ Ֆիլիպին փոխանցելու մասին: Բելգիայի թագավորն իր ելույթում ասել է. «Լրացավ իմ 80–ամյակը, առաջներում նախնիներս երբեք այս տարիքին չէին հասել: Իմ տարիքն ու առողջությունն այլևս թույլ չեն տալիս կատարել թագավորական գործառույթների այն ծավալը, որոնք կուզեի իրականացնել: Եկել է ժամանակը իմ լիազորությունները փոխանցելու հաջորդ սերնդին»:

Օգոստոսի 9-ին լրանում է Ալբերտ Երկրորդի գահակալության 20-ամյակը: Բելգիայի կառավարությունը սկսել է թագաժառանգ Ֆիլիպի գահակալության արարողության նախապատրաստությունները: Թագավորի հայտարարությունից քիչ անց արքայական նստավայրի մոտ է հավաքվել հինգ հազարից ավելի մարդ՝ ձեռքներին ունենալով Բելգիայի դրոշներ ու ծաղիկներ, որոշներն էլ արցունքոտած աչքերով բացականչել են. «Շնորհակալություն, Ալբերտ», «Փառք Բելգիային», «Կեցցե թագավորը»:

Ալբերտ 2-րդը Բելգիայում շատ բարձր հեղինակություն ունի, սակայն ոչ բոլորն են տխրել թագավորի հրաժարականի պատճառով: Արմատական տրամադրություններով հայտնի Բելգիայի աշխատանքի կուսակցությունը հայտարարել է, որ եկել է միապետությունը վերացնելու, թագավորին նախագահով փոխարինելու և հանրապետություն հռչակելու ժամանակը:

Սա Բելգիայի պատմության մեջ միապետի հրաժարականի երկրորդ դեպքն է: Առաջինը Լեոպոլդ 3-րդն է եղել, ով 1950թ. հրաժարական է տվել առանց դիմադրելու՝ տեղի տալով Գերմանիայի առջև երկիրը ծնկի բերելու մեղադրանքներին:

Այս խորագրի վերջին նյութերը