Աշխարհ

04.07.2013 11:35


Ռուսաստանի իշխանություններն արձագանքել են Դոկու Ումարովի երեկվա սպառնալիքներին

Ռուսաստանի իշխանություններն արձագանքել են Դոկու Ումարովի երեկվա սպառնալիքներին

Ի պատասխան չեչեն անջատողականների ղեկավար Դոկու Ումարովի երեկվա սպառնալիքների՝ ձախողել 2014թ. Սոչիի օլիպմիական խաղերը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե Ումարովը կսպանվի դեռ մինչև խաղերի մեկնարկը: Չեչնիայի ղեկավարը Ումարովին որակել է որպես գործիք Ռուսաստանի «արևմտյան, եվրոպական» թշնամիների ձեռքում, որոնք դեմ լինելով Սոչիում օլիմպիական խաղերի անցկացմանը՝ նրան օգտագրծում են իրենց նպատակների համար:

Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն նույնպես արձագանքել է՝ վստահեցնելով, որ երկրի հատուկ ծառայությունները հատկապես մարզական միջոցառումների կազմակերպման ժամանակ մշտպես ջանքեր են գործադրում երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ: Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարության մեջ նաև նշվում է. «Չնայած Հյուսիսային Կովկասի տարբեր շրջաններում գործող հանցավոր խմբավորումների ղեկավարների՝ զանգվածային լրատվամիջոցներում մշտապես մեջբերվող հայտարարություններին՝ ՌԴ անվտանգության ծառայություններն ու իրավապահ մարմինները մշտապես համալիր գործողություններ են իրագործում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը ապահովելու նպատակով»:

Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևը, որ Վլադիվոստոկում անվտանգության միջազգային համաժողովի էր մասնակցում, նույնպես անարձագանք չի թողել Ումարովի հայտարարությունը և հայտարարել է, թե Սոչիի օլիմպիադայի մասնակիցների և հանդիսատեսների անվտանգությունը կապահովեն ոչ միայն Ռուսաստանի, այլև «աշխարհի մի շարք առաջատար երկրների» անվտանգության ծառայությունները, ուստի խաղերը պետք է անցնեն առանց միջադեպերի: Պատրուշևը նաև համոզմունք է հայտնել, որ Սոչիի օլիմպիական խաղերը ոչ միայն բարձր մակարդակով կիրականացվեն, այլև մարզիկների, հյուրերի և հանդիսատեսի անվտանգությունը բարձր մակարդակով կապահովվի:

Հիշեցնենք, որ Ումարովը Ռուսաստանում ամենաորոնվող իսլամիստներից մեկն է, նա յոթ անգամ սպանված է հայտարարվել, նրա գլխի համար հինգ միլիոն դոլարի չափով գլխագին է հայտարարվել:

Այս խորագրի վերջին նյութերը