Աշխարհ

04.07.2013 10:51


Եգիպտոսի նախագահը ձերբակալված է

Եգիպտոսի նախագահը ձերբակալված է

Եգիպտոսի բանակի հրամանատար Աբդել Ֆաթթահ Սիսին հեռուստաելույթով հայտարարել է, որ նախագահ Մոհամեդ Մուրսին իշխանությունից հեռացվել է: Գեներալը հայտարարել է, որ Մուրսին չի կարողացել արդարացնել Եգիպտոսի ժողովրդի հույսը, և այժմ սահմանադրության գործունեությունը կասեցված է: «Մահմեդական եղբայրներ» շարժումը, որին անդամակցում է նախագահ Մուրսին, հայտարարել է, որ նա ձերբակալված է և պահվում է ռազմակայաններից մեկում: Նշվում է նաև շարժմանը պատկանող երկու այլ պաշտոնյաների ձերբակալության մասին: Իսկ Մուրսիի խոսնակը տեղի ունեցողը գնահատել է որպես ռազմական հեղաշրջում:

Բանակի հրամանատարության հայտարարությունը Մուրսիի հարյուրհազարավոր հակառակորդները, որոնք հավաքվել են մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում, ընդունել են ցնծությամբ և հրավառությամբ:

Իր հեռուստաելույթում բանակի հրամանատարը նաև հայտարարել է քաղաքական ճգնաժամից երկիրը դուրս բերելու նախապայմանների մասին.

1. Երկրի սահմանադրությունը կասեցվում է, այն վերանայվելու է հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից:

2. Երկրի կառավարումը ժամանակավորապես հանձնվում է Գերագույն սահմանադրական դատարանի նախագահին։

3. Ստեղծվելու է արհեստավարժներից բաղկացած ժամանակավոր կառավարություն, անցկացվելու են արտահերթ նախագահական ընտրություններ։

4. Բոլոր հակաօրինական գործողությունները դաժանորեն կպատժվեն իրավապահների կողմից։

5. ԶԼՄ-ներում կսկսի գործել սահմանափակ գրաքննություն։

Ինչպես հայտնի է, ավելի վաղ բանակը մայրաքաղաք Կահիրե էր մտցրել զրահատեխնիկա: Համաձայն հաղորդագրությունների՝ երկրի տարբեր հատվածներում տեղի են ունենում բախումներ Մուրսիի հակառակորդների և կողմնակիցների միջև, իսկ որոշ տեղերում էլ՝ Մուրսիի կողմնակիցների և բանակի միջև: Խոշոր բախումներ են արձանագրվել Ալեքսանդրիայում և Ասուանում, որտեղ կրակոցներ են հնչում:

Միջազգային հանրությունն իր մտահոգությունն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Մասնվարապես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, մտահոգություն հայտնելով, կոչ է արել հարգել մարդու իրավունքներն ու հավաքների ազատությունը: Նա նշել է. «Շատ եգիպտացիներ բողոքի ցույցերի են դուրս եկել իրենց անհամաձայնությունն արտահայտելու երկրում կատարվող իրադարձություններին: Բայց զինվորականների միջամտությունը ցանկացած երկրում մտավախություններ է առաջացնում»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս իր լուրջ մտահոգությունն է հայտնել Մուրսիին իշխանությունից հեռացնելու զինվորականության որոշմանը: ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ նշվում է երկրի կառավարման քաղաքացիական ձևին հնարավորինս արագ վերադառնալու անհնրաժեշտության մասին:

ԱՄՆ-ի իշխանությունները նաև հայտնել են իրենց դիվանագիտական անձնակազմի մի հատվածին և նրանց ընտանիքներին Եգիպտոսից տեղահանելու մասին:

Այս խորագրի վերջին նյութերը