Լրահոս

04.07.2013 10:00


Ստեփան Ստեփանյան (Ռեմբո). «Մե՛նք հաղթեցինք, իրենք նստել են, վայելո՛ւմ» (տեսանյութ)

Ստեփան Ստեփանյան (Ռեմբո). «Մե՛նք հաղթեցինք, իրենք նստել են, վայելո՛ւմ» (տեսանյութ)

Հարցազրույց «Ռեմբո» մականունով հայտնի ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանի հետ

–Խորհրդարանն ընդունեց երկրապահ կամավորականներին կարգավիճակ տալու մասին օրինագիծը։ Նման օրենք ունենալն անհրաժեշտությո՞ւն էր։

Ես չգիտեմ՝ էդ օրենքն ինչ կտա, չեմ էլ մտածում, որ կարող է ինչ–որ լավ բան տա։ Մինչև էսօր եթե չեն տվել, կարո՞ղ է՝ վաղը, մյուս օրը կամ մի ամսվա, մի տարվա ընթացքում տան։ Դրա համար էլ մենք ելել ենք ոտքի։ Մեզ ոչ մի բան պետք չի՝ ո՛չ աթոռ, ո՛չ պաշտոն։ Մենք ուղղակի ուզում ենք արժանապատվորեն, մարդավայել ապրել, ուզում ենք, որ թոշակները բարձրացնեն, ուզում ենք, որ իրական կռված տղերքը ստանան ըստ արժանիքի, ոչ թե 27–28 տարեկան տղաները մարտական գործողությունների թոշակներ են ստանում։ Էդ ե՞րբ հասցրեցին 4–5 տարեկանում պատերազմի մասնակցեն, որ հիմա էլ թոշակ ստանան։

–Չե՞ք կարծում, որ այդ օրենքը եթե դրական ազդեցություն էլ ունենա, բայց կոռուպցիոն ռիսկերի ու չարաշահումների հավանակությունը չափազանց մեծացնում է։ Օրինակ, շատ դժվար չի՞ լինի որոշելը՝ իրականում ո՞վ է մասնակցել մարտական գործողություններին, ու ո՞ւմ պետք է կարգավիճակը տալ։

–Դրա համար էլ տղաներից շատերը առաջարկում են սա. մեկս մյուսիս ճանաչում ենք, գիտենք՝ ով ում հետ է կռվել։ Օրենքով թող մի ջոկատում կռված 5 տղերքը հաստատեն, որ էս տղեն կռվել է, մենք տեսել ենք, մեր հետ է եղել, մի փոսի, մի ակոպի մեջ միասին ենք եղել։ Ոչ թե՝ ով ում ցանկանա, երբ ցանկանա՝ պեչատ խփի, հաստատի՝ էս մեկը կռվել է, էս մեկը՝ չէ։ Պարզ է, որ եթե չկռվածները մարտական գործողություններին մասնակցելու թոշակ են ստանում, մենք էլ ոչ մի բան չենք ստանա։ Ես 8 թոռան պապի եմ։ Ես իրանց ո՞նց էդ 46 հազ. դրամով ապահովեմ։ Հաշմանդամ եմ, ո՛չ աշխատանքն են տալիս, ո՛չ գործատեղ են ստեղծում, ու ամեն ամիս սպասում եմ, որ էդ փողը ստանամ, երեխեքին մի բան առնեմ։

–Ձեր իրավունքների համար պայքարի եք դուրս եկել։ Այս պահին նստացույցերը, փաստորեն, դադարեցրել եք։ Ի՞նչ եք պատրաստվում անել հետագայում։

–Հուլիսի 5–ին՝ Ազատության հրապարակում, պատրաստվում ենք մեծ հավաք կազմակերպել տղաներով, և մեր պահանջները նորից ներկայացնել։ Չստացվի, թե մի անգամ ասեցինք ու գնացինք։

–Ձեզ երբեմն փորձում են մեղադրել, թե այդ բողոքով պետության դեմ եք գնում։ Ի՞նչ կասեք ի պատասխան։

–Մենք պետության դեմ չենք գնում, մենք ուղղակի պահանջում ենք արդարություն, էն, ինչ–որ մեզ օրենքով հասնում է։ Կումունիստների ժամանակ լգոտաներ կային, արտոնություններ կային պատերազմի մասնակիցների համար։ Հիմա մենք ինչի՞ պիտի չօգտվենք։ Ինչքա՞ն կարելի է դիմանալ, ո՞նց դուրս չգանք, ո՞նց չգնանք։ Կառավարությունը թող պատասխան տա՛, մեր հարցով զբաղվի՛։

–Այդքան բողոքում եք, մինչ օրս զբաղվե՞լ է։

–Կզբաղվի, խելոք են, ո՞նց չեն զբաղվի։ Ինչի՝ չե՞ն տեսնում, թե ուրիշ երկրներում կռված տղերքին ոնց են պահում, իսկ ստեղ՝ ոնց։ Ես 46 հազ. թոշակը ստանում եմ, մինչև ինձ մի բլոկ սիգարետ եմ առնում, մի թոռնիկիս՝ մի հատ սանդալ, էն մեկին՝ մի հատ կոշիկ, երկու կիլո պեչենի, գալիս եմ տուն, վերջ, պրծավ–գնաց։ Մեկ էլ պիտի նստե՜մ, սպասե՜մ մինչև մյուս ամիսը գա, մի բան էլ տաքսուն 3 հազ. տամ, որ գնամ–վերցնեմ թշակը։

–Այդքանից հետո էլ, Աստված չանի, եթե պատերազմը վերսկսվի, էլի դուք եք, չէ՞, գնալու կռվեք։

–Դե ասում ենք՝ չէ՛, ջղայնանում ենք, բարկանում ենք, ասում ենք՝ ով ուզում է, թող գնա, բայց մենք «թիթիզ» ենք՝ էլի առաջինը մենք ենք գնալու։ Իհարկե, պիտի գնանք, հո չե՞նք թողնելու ջահելներին խփեն, բերեն–դնեն դեմներս։ Բա մենք չլինե՞նք մեջները, որ հա՛մ դուխները լինի, հա՛մ բանիմաց տղերք լինեն, սովորացնեն՝ ուր գնան, ոնց գնան, ինչ անեն։

–Ինչքա՞ն եք ձեր պայքարը շարունակելու։

–Մեր պայքարն արդարության, ճշմարտության համար է, ու մինչև վերջ էլ պայքարելու ենք։ Քանի կենդանի ենք, պայքարելու ենք։ Մեր կյանքը պայքար է՝ սկսվել է պայքարով, վերջանալու է պայքարով։ Ես հիմա էլ եմ պայքարում եմ՝ հողի հետ գիշեր–ցերեկ կռիվ եմ տալիս, հլը ձեռքերիս նայեք։ Մեր գյուղն էլ թուրքի դեմն է, քյոռփեքս էլ հետս սահմանի բերանը կանգնած են։ 8 տղա թոռ ունեմ, 8–ն էլ ասում են՝ պիտի պապիի նման գնանք, մեր երկրի համար դոշ դեմ տանք։ Մենք մեր երկիրը շատ ենք սիրում, հանուն երկրի պատրաստ ենք կյանքներս տանք, բայց թե երկիրը ինչի՞ մեզ չի սիրում, ես չգիտեմ։

–Երկիրը չէ, իշխանություննե՛րն են։

–Ի դեպ՝ իրենց մասին մի նոր բան եմ գրել.

«Ինձ ասում էին շատերը քմծիծաղով՝

Ելել ոտքի, ո՞ւր ես գնում հրացանով,

Տեսե՜ք, տեսե՜ք՝ ի՜նչ տղա է կռիվ գնում,

Որ գնում ես, դու այդ կռվից ի՞նչ ես շահում։

Հիմա նրանք խելացի են, էլ չեն խոսում,

Ջիպեր քշում, փողի վրա պառկում–քնում,

Ամեն ինչի վրա իրենք աչք են դնում,

Եվ ստում են՝ իբրև կռվել են Լաչինում։

Պախկվեցին, մինչ պատերազմը վերջանա,

Անցնող բան է, մեկ է՝ ոչ ոք չի իմանա,

Հիմա ճեղքից դուրս են սողել, ֆշշացնում,

Մե՛նք հաղթեցինք, իրենք նստել են՝ վայելո՛ւմ»։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Նաև ներկայացնում ենք Ստեփան Ստեփանյանի և նրա ընտանիքի սոցիալական պայմանների մասին պատմող «Գալա»–ի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը

Այս խորագրի վերջին նյութերը