Լրահոս

03.07.2013 14:32


Զոյա Թադևոսյան. «Անհրաժեշտ է, որ հասարակությունը լուրջ արձագանքի այս բացահայտումներին»

Զոյա Թադևոսյան. «Անհրաժեշտ է, որ հասարակությունը լուրջ արձագանքի այս բացահայտումներին»

Հարցազրույց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, տեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանի հետ

–Երկու օր է՝ նախարարներն անդրադառնում են Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ու չարաշահումներին և հերքում են ներկայացված տվյալների իսկությունը: Ըստ ձեզ՝ որքանո՞վ են արժանահավատ այդ հերքումները:

–Երբ Սերժ Սարգսյանն իր հրավիրած խորհրդակցության ժամանակ վերաբերմունք արտահայտեց վերահսկիչ պալատի ստուգումների վերաբերյալ, ընդ որում՝ հստակ ակնարկելով հետագա անելիքները, այսինքն՝ ոչ թե 700 մլրդ, այլ 200-300 մլն դրամի յուրացումներ են եղել, և ըստ էության նախարարություններին անուղղակի հրահանգ տրվեց սկսել մի գործընթաց, որով պետք է հերքվեին այդ ծավալի յուրացումների մասին իբր թե հերյուրանքները, այդ նախարարություններն էլ դա անում են: Եթե արժանահավատությունը դիտարկենք վերահսկիչ պալատի հաշվետվության տեսանկյունից՝ ես որևէ կասկած չունենալով՝ համոզված եմ, որ այդ բացահայտումները գուցե ավելի պակաս թվեր են արձանագրել, քան իրականում է: Այս յուրացումները նորություն չեն, այս իշխանության կառավարման բոլոր տարիներին էլ նման յուրացումներ տեղ են գտել, և դա դարձել է այս իշխանությունների գործողությունների գլխավոր ոլորտը։ Յուրացնել, թալանել, կողոպտել և ոչնչի առջև կանգ չառնել, որովհետև Բաղրամյան 26-ում նստած անձինք իրենց հիմնական հովանավորներն են, և կվերցնեն իրենց թևերի տակ ցանկացած պարագայում, իսկ սա նշանակում է, որ այդ յուրացումները կատարվում են առյուծի բաժինը Բաղրամյան 26-ին հասցնելու սկզբունքով:

–Դուք նշեցիք, որ այդ թալանը եղել է այս իշխանության նախորդ կառավարման տարիներին ևս։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ նախորդ տարիներին այդ յուրացումները նման ծավալներով չէին արձանագրվում, իսկ այժմ պաշտոնապես արձանագրվեցին:

–Իշխան Զաքարյանը հավանաբար շատ լուրջ ընդունեց ամիսներ առաջ ատկատների մասին Սերժ Սարգսյանի հայտնի այդ ելույթը: Գուցե այդքանով նա սխալվեց:

–Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի ելույթը, թե «թալանել են», «լափել են»:

–Ով, ով, բայց Ազգային ժողովի նախագահը հաստատ տեղյակ է այդ թալանից, լափից, լափողներից և բոլոր այն գործընթացներից, որ տեղի են ունենում այսօր Հայաստանի Հանրապետությունում: Ես վստահ եմ, որ նա իր ասածի ճշմարտացիության մեջ համոզած է այդ խոսքերն ասել:

–Ինչպե՞ս պետք է հանրությունն ու քաղաքական ուժերն արձագանքեն այս բացահայտումներին:

–Պետական բյուջեի թալանը շատ սուր խնդիրներ առաջացնող իրավիճակ է, և կարծում եմ, որ հանրությունը դա անարձագանք թողնելու իրավունք չունի։ Եվ եթե մենք հանդուրժենք այդպիսի արատավոր երևույթները մեր տնտեսության մեջ, մեր իրականության մեջ, դա կհանգեցնի նրան, որ այս իշխանությունների համար ուղղակի ժողովրդին կեղեքելն ու նրա վզին նստած նրա արյունը ծծելը կդառնա սովորական երևույթ, և այդպիսի իշխանությանը հանդուրժելը ավելի կբարդացնի նրանից ազատվելու գործընթացը: Սա աղաղակող և շատ լուրջ փաստ է, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը միավորվեն, հանդես գան միասնական հայտարարությամբ և պահանջեն այս իշխանությունների հրաժարականը: Ես կարծում եմ, որ որևէ քաղաքական ուժ այս պահին եթե ուղղակի անտարբեր կամ սպասողական ինչ–որ մի դիրք գրավի, դա ընդունելի չէ: Անհրաժեշտ է, որ հասարակությունը շատ լուրջ արձագանքի այս բացահայտումներին, իսկ հասարակության արձագանքին ընթացք պետք է տան քաղաքական ուժերը:

Հարցազրույցը վարեց Կարեն Թովմասյանը

Այս խորագրի վերջին նյութերը