Լրահոս

03.07.2013 12:41


«Վահե Ավետյան» հասարակական շարժման հայտարարությունը

«Վահե Ավետյան» հասարակական շարժման հայտարարությունը

Հունիսի 29-ի երեկոյան Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ անցկացվեց բողոքի ակցիա ի հարգանս նույն ռեստորանի տարածքում դաժան ծեծի հետեւանքով մեկ տարի առաջ մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակի:

Բողոքի ակցիայի մասնակիցները կազմակերպեցին մոմավառություն, որից առաջ «Հարսնաքարին» կից մայթի եզրին տեղադրվեց «Այս տարածքում դրվելու է «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը» փորագրությամբ ժամանակավոր հուշաքարը: Նշենք, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն անհիմն պատաճառաբանություններով ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ժամանակավոր հուշաքարի տեղադրմանը, սակայն քաղաքացիական ակտիվիստներն ի վերջո տեղադրեցին այն:

Մոմավառությունից հետո բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին երթ անցկացնել դեպի Ավան թաղամասի կենտրոն, սակայն Բաբաջանյան փողոցում այն արգելափակվեց ոստիկանական պատով: Շուրջ քառասուն րոպե մարդիկ փորձում էին իրացնել իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը, որից հետո «Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները հայտարարեցին, որ կվերադառնան «Հարսնաքար» ռեստորանի տարածք` բողոքի ակցիան այնտեղ շարունակելու եւ ավարտելու համար: Երբ նրանք վերադարձան, նկատեցին, որ հուշաքարը անհետացել է: Բողոքի ակցիայի մասնակիցները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին բանավոր հայտարարություն արեցին հուշաքարի հափշտակության հետ կապված հանցագործության վերաբերյալ, ինչը, սակայն ընթացք չստացավ: Մինչդեռ ժամանակավոր հուշաքարի հափշտակությունը կատարվել էր հարյուրավոր ոստիկանների և բազմաթիվ նկարահանող սարքերի առկայությամբ:

Երբ արդեն ակցիան ավարտվել էր, մոտ մեկ տասնյակ ակտիվիստ փորձեցին քայլելով անցնել Բաբաջանյան փողոցով: Բայց նրանց երթը նույնպես խոչընդոտվեց ոստիկանների կողմից, որից հետո ակտիվիստները զանգարահեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Գրասենյակի ներկայացուցիչ Հաբեթ Մարտիրոսյանը հաստատեց, որ ոստիկանության կողմից խախտվել է օրենքը:

«Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ այն դեպքում, երբ հասարակության մի արթուն հատված որոշում է հուշաքարով պատվել զոհված սպայի և բժշկի ողբերգական մահվան տարելիցը, վարչախմբի ներկայացուցիչներն ի դեմս ոստիկանութան, փոխանակ միանալու ու հարգելու այդ որոշումը, արգելում ու խոչնդոտում են ոչ միայն դրա տեղադրումը, այլև ապօրինաբար արգելում են քաղաքացիների երթը և իրենց անգործությամբ թույլ տալիս սպանվածի հիշատակի պղծումը՝ չնկատելու տալով հայոց բանակի խորհրդանիշ կրող հուշաքարի հափշտակությունը, այդպիսի վարքով նույնանում են Նախիջեւանում խաչքար ջարդող բարբարոս տեսակին և հանցակից են դառնում մեկ տարի առաջ հայկական բանակի սպային առանձնակի դաժանությամբ սպանած ոհմակին։

«Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնությունը.

1. դատապարտում է դաժանաբար սպանված հայ սպայի հիշատակի ու հայկական բանակի խորհրդանիշների նկատմամբ ոստիկանների բացահայտ անհարգալից վերաբերմունքը, ինչպես նաև նրանց կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները,

2. սույն հայտարարությունը ներկայացնում է որպես Վահե Ավետյանի հիշատակի ժամանակավոր հուշաքարը հափշտակելու հանցագործության մասին պաշտոնական, հրապարակային հայտարարություն` ոստիկանությունից պահանջելով կատարել իր պարտականությունները և բացահայտել այդ հանցագործությունը,

3. սույն հայտարարությամբ պաշտոնապես դիմում է Երևանի քաղաքապետարանին` «Հարսնաքար» ռեստորանային համալիրին հարող տարածքը եզերող հատվածում (Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում) Վահե Ավետյանի հիշատակին նվիրված հուշաքարի տեղադրման համար սահմանված կարգով թույլտվություն ստանալու ակնկալիքով:

Այս խորագրի վերջին նյութերը