Լրահոս

02.07.2013 15:32


Հոկտեմբերին կայանալիք ընտրություններում Ադրբեջանի ընդդիմությունը հանդես կգա միասնական թեկնածուով

Հոկտեմբերին կայանալիք ընտրություններում Ադրբեջանի ընդդիմությունը հանդես կգա միասնական թեկնածուով

Այսօր Ադրբեջանում կայացած «Ազգային խորհուրդ» ընդդիմադիր դաշինքի ընտրություններում Ադրբեջանի նախագահի ընդդիմության միասնական թեկնածու է ընտրվել կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը։ Այդ մասին հայտարարել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին:

Թեև Իբրահիմբեկովն արդեն տևական ժամանակ Ռուսաստանում է, համաձայնել է լինել ընդդիմության միասնական թեկնածուն և դա հաստատող էլեկտրոնային նամակ է ուղարկել Ազգային խորհրդի անդամներին:

Իբրահիմբեկովի թեկնածությունը պաշտպանել է նաև «Մուսավաթը»:

«Մուսավաթ»-ի ղեկավար Իսա Ղամբարը հայտարարել է՝ իրենց համար առաջնահերթություն է, որ ժողորդական ուժերը նախագահական ընտրություններում հանդես գան միասնական թեկնածուով: Նա նաև հայտարարել է, որ ինքը և իր գլխավորած կուսակցությունը սպասում են Իբրահիմբեկովի վերադարձին, քանի որ, ըստ նրա, անհնար է ընտրություններ անցկացնել առանց հիմնական թեկնածուներից մեկի: Իսա Ղամբարը, սակայն, մտավախություն է հայտնել, որ հնարավոր է՝ Իբրահիմբեկովի թեկածությունը ԿԸՀ-ն չգրանցի, ուստի սեփական թեկնածուով հանդես գալու իր կուսակցության որոշումը դեռևս մնում է ուժի մեջ:

Այժմ Ազգային խորհրդում մտադիր են ստեղծել հանրահավաքների կազմակերպման կոմիտեներ, պաշտոնապես առաջադրել միասնական թեկնածուին և ստեղծել ընդդիմության միասնական շտաբ:

Նշենք, որ Իբրահիմբեկով հայտարարել է, թե ինքը համոզված է` Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը աջակցում է իրեն, իսկ իշխանություններն էլ պատրաստվում են կեղծել ընտրությունների արդյունքները: Նա նշել է, թե հիմնական խնդիրն այժմ կեղծիքները կանգնեցնելն է, դա է պատճառը, որ ինքը որոշել է ուշ վերադառնալ Ադրբեջան, իսկ եթե այժմ վերադառնա, դա ոչինչ չի տա, փոխարենը ինքը դրսից կարող է ավելի շատ բան անել: Այժմ մտադիր է մեկնել Եվրոպա և Թուրքիա: «Պետք է հող նախապատրաստել, բայց ես ոչ մի կասկած չունեմ, որ կվերադառնամ: Ես երբեք չեմ ասել, թե վախենում եմ, որ ինձ կբանտարկեն, ես միայն ասել եմ, որ նման վտանգ կա»,–նշել է նա: Իբրահիմբեկովն ասել է, թե Ազգային խորհրդի ստեղծումը «պատմական պահ է», քանի որ ադրբեջանական ընդդիմությունը վերջապես միավորվել է:

Այս խորագրի վերջին նյութերը