Մեկնաբանություն

13.07.2009 17:19


Էս ի՞նչ եք անում, տղե՛րք

Էս ի՞նչ եք անում, տղե՛րք

Նոր աշխատանքային շաբաթը լրատվամիջոցների համար անակնկալով սկսեց ՀՀ արտգործնախարարությունը։ Դեռևս ինձ անհայտ մի պաշտոնյա, որի համար, երևի, ԱԳՆ-ում բարձր վարձատրվող հատուկ հաստիք են բացել, հայաստանյան (երևի՝ նաև արտերկրի) լրատվամիջոցներին օտարերկրյա լրատվամիջոցներից քաղվածքներ է ուղարկում։ Սկզբում դրանք տարածաշրջանային լուրեր էին, որտեղ, մասնավորապես, «ավետվում» էր, որ ստորագրվում է «Nabucco»-ն, իսկ Համաշխարհային  ույղուրների  կոնգրեսի  ղեկավար Ռեբիյա Քադիերը իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանին՝ Սինցզյան նահանգի վերջին իրադարձությունները «ցեղասպանություն» որակելու, ինչպես նաև Սինցզյան նահանգի ույղուրներին թուրք ժողովրդի ցուցաբերած աջակցության համար...

Այ քեզ բա՜ն...

Որ դա անում են լրատվամիջոցները, ես հասկանում եմ, ինքս էլ հաճախ մեջբերումներ եմ անում արտերկրի լրատվամիջոցներից։ Մեր խնդիրն այլ է։ Բայց կգտնվի՞ ողջախոհ մեկը, որ ինձ բացատրի, թե ինչո՞ւ է դա Հայաստանի արտգործնախարարությունն անում, այն էլ՝ լրատվամիջոցների համար։

Լա՛վ, որ Լևան Գաչեչիլաձեն իր առաջին քաղաքական այցով մեկնել է Բրյուսել, Ռուսաստանը նախատեսում է տնտեսապես և ռազմականապես գերակայել վրացական Աբխազիա շրջանի վրա, իսկ Վրաստանի նախագահը արտասահմանում աշխատող վրաց գործարարների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Վրաստանի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը պետք է, որքան հնարավոր է, նվազեցվի, հավանաբար, ՀՀ ԱԳՆ «նախաձեռնողականության» արդյունքները կարող են լինել, մի կերպ երևակայությանս մեջ կտեղավորեմ. բժիշկներին տալու այդքան փող կճարեմ։ Բայց ինչպե՞ս հասկանամ «Nagorno-Karabakh» վերտառությամբ հոդվածների ծաղկաքաղը, որտեղ մեր արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները 3-4-օրյա «մաշվածության» մեջբերումներ են անում ադրբեջանական պարբերականներից։ Ավելին, հայ-ադրբեջանական «ժողովրդական դիվանագիտության» վերջին փայլատակման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ին վերագրվող հայտարարությունը մեջբերվում է ադրբեջանական «day.az» կայքից։ Ի՞նչ է, «day.az»-ում ավելի՞ ռուսերեն է գրված, թե՞ մեր արտգործնախարարությունը ադրբեջանական դրամաշնորհ է ստացել։

ԱԳՆ-ի տարածած դայջեսթ հաղորդագրությունների, բրայզաների ու ֆրեյզերների հայտարարությունների կիսահեգնական տոնով մեկնաբանությունը ստանալու համար յոթ վանքում մոմ պիտի վառենք։ Փոխարենը, մեր արտգործնախարարությունը ադրբեջանական քարոզչության «մուղամն է քաշում»։

Ամբողջ աշխարհը գոռում է մեր իշխանությունների ականջին, որ Հայաստանն այսքան տարի տեղեկատվական պատերազմի մեջ է ու տանուլ է տալիս։ Փոխարենը, մեր չինովնիկներն իրար հերթ չեն տալիս պնդելու, թե «հաղթողը մենք ենք, էդ թուրքերն են մեր «ղազը»։ Սա՞ է տեղեկատվական պատերազմում մեր հաղթանակը։ Սա ոչ թե հաղթանակ, սա անգամ Ավարարայրի պես բարոյական հաղթանակ չի։ Բա նախարար Նալբանդյանն ո՞ւր է նայում։ Գուցե սա մեր արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի տարրերից է, որ պիտի կոնֆուզի մատնի մեր հակառակորդներին։

Ասենք, ի՞նչ եմ անիմաստ տեղը հարցեր տալիս. Նալբանդյանն էդ նախարարությունում նախագահի ասածներն է կատարում. մարդը քանի՞ անգամ ասի, որ հասկանանք։

Էդուարդ Սարիբեկյան

«7 օր» կայքէջի խմբագիր

Հ.Գ. Հոդվածն արդեն հրապարակվել էր, երբ «7 օր»–ի խմբագրություն զանգահարեց ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանը և տեղեկացրեց, որ տեղի է ունեցել թյուրիմացություն։ Բանն այն է, որ լրատվամիջոցներին ուղարկված տեղեկատվական ծաղկաքաղերը նախատեսված են նախարարության ներքին ծառայողական օգտագործման համար և պատահաբար են հայտնվել նախարարություն տարածած լրահոսում։

Այս խորագրի վերջին նյութերը