Լրահոս

01.07.2013 17:28


Այսօր էլ Հայաստանի ճարտարապետների միությունում 37 թիվն է

Այսօր էլ Հայաստանի ճարտարապետների միությունում 37 թիվն է

Գուցե անհամեստություն կամ նույնիսկ մեծամտություն համարվի ասածս, բայց պետք է ասեմ:
Որքան ինձ հիշում եմ՝ ես միշտ գնացել եմ հոսանքին հակառակ:
Մինչ Հանրապետության հրապարակի վերակառուցման ծրագրի հրապարակումը, ինձ միշտ էլ մի տեսակ հարմարավետ չի թվացել մեր գլխավոր հրապարակը: Ամեն անգամ, երբ հայտնվում եմ այնտեղ, ասենք՝ ԱԳՆ շենքի մոտ, միշտ ցանկացել եմ դեպի Կառավարության շենք հասնել «ուղիղ գծով»։ Եվ հակառակը: Այսինքն՝ անիմաստ եմ համարել չափչփել այդ 2 հեկտար տարածքը, որպեսզի կարողանանք հասնել մեր ուզած տեղը:
Այս առումով, ուրախ եմ, որ վերոնշյալ ծրագրով նախատեսվում է հրապարակի որոշակի հատվածը դարձնել «ազատ գոտի»՝ հետնիոտնի համար մատչելի տարածք կամ ճեմավայր: Այսպիոսվ, հրապարակը կդառնա ավելի մշակութային/ ինչպիսին չէ այսօր/, քան «պառադային» /ինչպիսին եղել է միշտ/:
Հրապարակի վերակառուցման ծրագրով այս պահին՝ թեկուզ աղոտ արտահայտված մնացած մտահղացումներն էլ, կարծես, թե վատը չեն:
Եվ ինձ համար ուղղակի անհասկանալի է Հայաստանի ճարտարապետների միության նախագահի եւ նրա թիմակից անդամների ընդվզումը այս ծրագրի դեմ:
Մանավանդ, երբ պարզվեց, որ իրենք շատ լավ տեղյակ են եղել այս ծրագրին, սակայն դրա հրապարակումից հետո սկսեցին աղմուկ բարձրացնել:
Ընդ որում՝ այդ աղմուկը անհիմն է, քանի որ այն «փաստարկները», որ բերվում են հրապարակի վերակառուցման դեմ, ինձ չեն համոզում, քանի որ մասնագիտական կարծիքի, գնահատականի փոխարեն, աղմկողները հարցը առավելապես տեղափոխում են անձնական հարթություն:
Երեկ այսպիսի մի փաստաթուղթ գտա, և ապշեցի...
Հայաստանի Ճարտարապետների միության գործելակերպը չի փոխվել: Այսօր էլ այդ կառույցը գործում է 1937 թվի ոճով:
Ապացույցը՞: Խնդրեմ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ՈՒ ՆԻԿՈՂԱՅՈՍ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ
ՍՍՀՄ Ճարտարապետների միության վարչության 3-րդ պլենումի նյութերից
1938 թ. 7-21 հուլիս, Մոսկվա, հատված Հայաստանի ճարտարապետների միության նախագահ ԵՂԻՇԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ելույթից
Խորհրդային հանրապետությունների ծաղկումն ու զարգացումն ուղեկցվում էր նոր շինարարության հսկայական ծավալներով: Մեր քաղաքներն արագորեն փոխում են իրենց դեմքը: Անճանաչելի է դարձել Հայաստանի մայրաքաղաք Երևանը: Բարեկարգվում են նաև հանրապետության մյուս քաղաքները: Այս նվաճումները լենին-ստալինյան ազգային քաղաքականության և ժողովուրդների հայր մեծ Ստալինի ամենօրյա անչափելի օգնությունների արդյունք են:
Սակայն մեր քաղաքների վերակառուցման հսկայական աշխատանքն ամեն կերպ արգելակում էին ժողովրդի թշնամիները: Նրանք առաջ էին քաշում Գլխավոր հատակագծի մշակման և հաստատման հարցը՝ նախագծող կազմակերպություններին տալով ակնհայտ վնասարար ցուցումներ: Կիրովականի համար, օրինակ, հատակագծման սխեման այնպես էր մշակված, որ նոր կառուցված կապիտալ շինությունների 60 տոկոսը քանդման ենթակա է:
Դաշնակների ցուցումով Թամանյանի կողմից իրականացված Երևանի Գլխավոր հատակագծի մշակումը ամեն կերպ ուղղված էր Երևան քաղաքի սոցիալիստական առաջընթացն արգելակելուն և խոչընդոտելուն: Այդ վնասարարական նախագծով առաջարկվել էր Երևանում ոչնչացնել հսկայական քանակի պարտեզներ և խաղողի այգիներ, ինչը մեծ վնաս կհասցներ քաղաքի բնակչությանը:
Թամանյանը Երևանի քաղսովետի հատակագծման բաժնի վարիչն էր, իսկ գլխավոր ճարտարապետը վնասարար Բունիաթյանն էր, որի դիմակը վերջերս պատռվեց: Այդ նրանց հրահանգով էր, որ շինարարությունը փոշիանում էր, կառույցները կոնսերվացվում էին, այն մտայնությամբ, որ չունենանք ոչ մի ավարտուն փողոց, հրապարակ , ոչ մի ավարտուն թաղամաս: Այդ ամենն արվում էր նրա համար, որ բնակչությունից գաղտնի պահվի, թաքցվի այն հսկայական աջակցությունը, որ ցուցաբերում է ՍՍՀՄ կառավարությունը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ:
Թամանյանը լինելով քաղսովետի հատակագծման բաժնի վարիչը, կառուցապատման ենթակա տարածքները միտումնավոր այնպես էր բաշխել, որ փողոցների հատվածները և նույնիսկ ամբողջական փողոցներ, որոնք վերահատակագծման կարիք ունեին, կառուցապատվում էին կապիտալ շինություններով: Եվ այժմ Թամանյանի այդ վնասարարական Գլխավոր հատակագիծը շտկելու համար անհրաժեշտ է քանդել մի շարք նոր շենքեր: Իսկ դա մեծապես բարդացնում է մեր աշխատանքը վնասարարության հետևանքները վերացնելու առումով:
Երբ մեզ մոտ եկավ ընկեր Ա. Ս. Միկոյանը, անձամբ զբաղվեց Երևանի հատակագծման և շինարարության հարցերով, ընդ որում, լիովին իրավացիորեն մեզ՝ ճարտարապետներիս կշտամբելով այդ բոլոր այլանդակությունների դեմն առնել չկարողանալու համար:
Մեր անգործությունը զգալի չափով բացատրվում է նրանով, որ Սովետական ճարտարապետների միության հայաստանյան ղեկավարության մեջ ներթափանցել են ժողովրդի թշնամիներ, որոնք կատարում են Հայաստանի կուսակցության և կառավարության ղեկավար մարմինների մեջ ներգրավված բուրժուանացիոնալիստական և ֆաշիստական լրտեսների դիրեկտիվները:
Այժմ, Հայաստանի կոմկուսը մշտական ուշադրության ներքո է պահում քաղաքաշինական, քաղաքների և բնակավայրերի հատակագծման աշխատանքները Հայաստանում:
Ընկեր Միկոյանը մեզ տվեց բազմաթիվ արժեքավոր գործնական ցուցումներ՝ Երևանի և մյուս քաղաքների հատակագծման և կառուցապատման հարցերում առկա վնասարարական հետևանքների վերացման առումով:
Կառուցապատման նախագծերի մշակման հարցում մեզ առաջին հերթին օգնեց ընկեր Միկոյանի հետ Հայաստան եկած՝ մեր միության վարչության պատասխանատու քարտուղար ընկեր Հալաբյանը: Մեզ հրահանգվեց, թե՝ չպետք է ուժերը մասնատել, որ ամենից առաջ անհրաժեշտ է ձեռնմուխ լինել քաղաքի գլխավոր հատվածների /Հյուսիսային պողոտա, Սունդուկյան փողոց, Կարմիր բանակի փողոց/ նախագծման աշխատանքներին: Քաղսովետն արդեն մանրամասն մշակել է այդ մագիստրալների կառուցապատման և բարեկարգման նախագծերը: Հույս ունենք, որ առաջիկա 3-4 տարիների ընթացքում այդ աշխատանքներն ավարտին կհասցվեն:
Հայաստանի Ճարտարապետների միությունը, հաշվի առնելով ընկեր Միկոյանի ցուցումները, ամբողջ ուժով ձեռնմուխ է եղել քաղաքների հատակագծման գործում առկա վնասարարության վերացման աշխատանքներին՝ խորապես համոզված, որ այդ հարցում մեզ կաջակցեն Մոսկվայի և Լենինգրադի փորձառու ճարտարապետ-նախագծողները:
Հ.Գ. Ալեքսանդր Թամանյանը 1936-ին վախճանվել էր, իսկ 1937 թվականին ստեղծված Ճարտարապետների Միությունը, վերջինիս առաջին նախագահ Եղիշե Համբարձումյանը շարունակում էր պայքարել նրա դեմ… Հետմահու …
Ինչեւէ, «լավագույն ավանդույթները» շարունակվում են:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը