Կարծիք

13.07.2009 16:16


Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի և կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ համատեղ հայտարարության մասին

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի և կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ համատեղ հայտարարության մասին

Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դ.Մեդվեդևի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բ. Օբամայի և Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզիի համատեղ հայտարարության տեքստը շատ քիչ է տարբերվում ի պաշտպանություն ԵԱՀԿ Մինսկի գործընթացի տարբեր մակարդակներով և տարբեր միջազգային կառույցների շրջանակներում նախկինում ընդունված հայտարարություններից: Հատկանշական է, որ ներկայումս երեք երկրների նախագահները Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում ավարտին հասցնել ԵԱՀԿ պաշտոնական կայքում  (http://www.osce.org/item/38731.html) հրապարակված կարգավորման կոնկրետ սկզբունքների համաձայնեցումը:

Փորձենք համառոտակի մեկնաբանել յուրաքանչյուր սկզբունք։

1.Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը

ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող որևէ տարածքի հանձնումը Ադրբեջանին առաջին հերթին նշանակելու է խախտում ԼՂՀ հիմնական օրենքի՝ Սահմանադրության, որում ամրագրված են տվյալ տարածքները: Երկրորդ՝ ազատագրված տարածքների անգամ մի մասից ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերի դուրսբերումը  կխախտի ԼՂՀ ռազմական և պարենային անվտանգությունը:

Հրապարակված սկզբունքներում ակնարկ անգամ չկա Ադրբեջանի կողմից զավթված ավելի քան 1000 քառ. կմ. ղարաբաղյան տարածքները ԼՂՀ վերահսկողությանը վերադարձնելու մասին:

Բանակցություններում խոսքը պետք է գնա ոչ թե տարածքների, այլ ԼՂՀ և Ադրբեջանի միջև սահմանի մասին: Ադրբեջանի կողմից ԼՂՀ պետականության ճանաչումից հետո միայն երկու կողմերի միջկառավարական հանձնաժողովը պետք է զբաղվի միջպետական սահմանազատմամբ: Այդ է վկայում սահմանային վեճերի լուծման միջազգային պրակտիկան:

2. Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների ապահովմամբ

Այս սկզբունքն իրականում ԼՂՀ ինքնիշխանությունը սահմանափակելու՝  կասկածի տակ դնելով նրա անկախ կարգավիճակը, և պետությանը սեփական անվտանգության համակարգից զրկելու փորձ է նշանակում:

Անվտանգության իրական ապահովում կարող է լինել ԼՂՀ անկախության ճանաչումը, ինչը Արցախին նոր հնարավորություններ կընձեռեր սեփական անվտանգությունը պաշտպանելու համար, այդ թվում՝ քաղաքական-դիվանագիտական միջոցներով:

3. Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք

ԼՂՀ և Հայաստանի միջև ցամաքային կապը հաստատվել է 1992-ի մայիսին և ընդարձակվել է 1993թ. մարտական գործողությունների ընթացքում: Ուղղակի միամտություն կլիներ ԼՂՀ և Հայաստանի միջև ներկայիս լիարժեք ցամաքային կապը  սահմանափակել խոցելի «միջանցքով»: Հետաքրքիրն այն է, որ նշված սկզբունքն առաջարկվում է որպես հայերին արվող զիջում:

4. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում՝ իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով

ԼՂՀ իրավական կարգավիճակն արդեն որոշված է իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության հիման վրա՝ 1991թ.  դեկտեմբերի 10-ին, և հաստատված մեկ այլ՝ ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեով 2006թ. դեկտեմբերի 10-ին: Բացի այդ, ԼՂՀ ժողովուրդը 8 անգամ անուղղակիորեն արտահայտել է անկախ պետականությանն իր հավատարմությունը համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններում՝ քվեարկելով քաղաքական կուսակցությունների և առանձին թեկնածուների  ծրագրերի օգտին, որոնցում նշվել է ԼՂՀ միջազգային ճանաչման և պետականության ամրապնդման անհրաժեշտությունը: Այսպիսով, վերջին 18 տարիներին ԼՂՀ քաղաքացիները 10 անգամ արտահայտվել են ԼՂՀ անկախ կարգավիճակի օգտին:

5. Բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունքի ապահովում

Սույն սկզբունքը բոլոր երեք կողմերի միջև կարող է քննարկվել Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից հետո: Դրական հանգամանք կարելի է համարել «բոլոր» բառի օգտագործումը, այլ ոչ միայն ադրբեջանցի փախստականներին նկատի ունենալը: Չնայած անհասկանալի է, թե ով և ինչ ձևով կարող է ապահովել իրավունքներն ու երաշխավորել անվտանգությունը հարյուր հազարավոր այն մարդկանց, որոնք կարող են հայտնվել հակառակ կողմի տարածքում:

6. Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն

Ըստ էության, մեզ առաջարկվում է ռազմական անվտանգության սեփական համակարգը փոխարինել «կապույտ սաղավարտների» անարդյունավետ մեխանիզմով։ ԼՂՀ տարածքում օտար զինված ուժերի հնարավոր տեղաբաշխումը՝ թող որ անգամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դրոշի ներքո, անմիջապես կտրուկ կսահմանափակի հանրապետության ինքնիշխանությունը։ Այն հանգամանքը, որ ԼՂՀ ինքնիշխանությունը դեռևս չի ճանաչվել միջազգային հանրության կողմից և, ըստ այդմ էլ, երկիրը ներկայացված չէ վերոնշյալ կառույցներում, կարող է հանգեցնել նրան, որ Ղարաբաղը չի ունենա այդ ուժերի վրա ազդելու միջազգային իրավունքով երաշխավորված որևիցե լծակ։ Այս պայմաններում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղաբաշխումը արմատապես կհակասի մեր ազգային շահերին։ ԼՂՀ-ն չի կարող սահմանափակել իր ինքնիշխանությունը՝ չստանալով համապարփակ միջազգային իրավաբանական ճանաչում։

Անվտանգության պահպանման անմիջական պարտականությունների, իսկ դրանց հետ միասին նաև կոնկրետ տարածքների փոխանցումը երրորդ կողմին չի երաշխավորում այդ նույն անվտանգության ամրապնդում և իր մեջ նոր սպառնալիքներ է պարունակում։

Ղարաբաղցիներն ունեն խորհրդային ժամանակաշրջանի «խաղաղապահների» հետ շփման սեփական փորձ, երբ 1980-ականների վերջին բնակչության անվտանգության ապահովման նպատակով ուղարկված զորքերը պարբերաբար թերանում էին իրենց պարտականությունների կատարման մեջ և չկարողացան Ադրբ. ԽՍՀ հայազգի բնակչությանը պաշտպանել ջարդերից ու բռնություններից։ 1991 թվականին, ԽՍՀՄ ղեկավարության հրամանով, նույն այդ զորքերը հայազգի բնակչությանը բռնի տեղահանեցին Արցախի որոշ մասերից («Կոլցո» օպերացիա)։ Խաղաղապահ գործողությունների նվազ արդյունավետությունը դրսևորվել է նաև այլ հակամարտ գոտիներում։

Խաղաղապահներին հակամարտության գոտի ուղարկող կառավարությունների համար հենց իրենց՝ խաղաղապահների շահերն ու անմիջական անվտանգությունը միշտ էլ ավելի կարևոր են լինելու, քան տեղաբնիկների անվտանգությունը։

Հրապարակված հիմնարար սկզբունքների ընդունումն ու իրականացումն անուղղելի վնաս կհասցնեն ԼՂՀ-ի ու ՀՀ-ի ազգային շահերին։ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների անընդունելիությունն արձանագրվել է նաև հուլիսի 10-11-ին ԼՂՀ մայրաքաղաքում անցկացված Համահայկական համաժողովի բանաձևում։ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից համաժողովին մասնակցածները Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջել են չստորագրել առաջարկվող փաստաթուղթը։ Ակնհայտորեն կա այն բանի ըմբռնումը, որ հակառակորդին այն տարածքների հանձնումը, որոնց նկատմամբ հայ ժողովուրդը ունի ինչպես իրավաբանական ու քաղաքական, այնպես էլ պատմական իրավունք, բարոյական ուժեղ հարված է լինելու հայ ժողովրդին, ինչը կարող է նրան տևական ժամանակով զրկել դիմադրելու ազգային կամքից և սեփական պետականություն կառուցելու իմաստավորումից։

Մասիս Մայիլյան

Այս խորագրի վերջին նյութերը