Մեկնաբանություն

01.07.2013 10:51


Այսքան ուրախ կյանքը մեր...

Այսքան ուրախ կյանքը մեր...

Այսօրվանից մենք ավելի շատ ենք վճարելու գազի համար։ 1 խմ գազի սակագինը նախկին 132 դրամի փոխարեն կլինի 156 դրամ։ Բնակչության համար գազը թանկանում է 18,1%-ով, իսկ խոշոր սպառողների համար՝ 13,9%-ով։

Հուլիսի 7–ից կբարձրանա նաև էլեկտրաէներգիայի սակագինը։ Բնակչության համար ցերեկային սակագինը կկազմի 38 դրամ/կՎտժ, գիշերային սակագինը` 28 դրամ/կՎտժ:

Հասկանալի է, որ այս թանկացումները նպաստելու են այլ ապրանքների ու ծառայությունների գների բարձրացմանը։

Իշխանական ներքին անցուդարձից լավատեղյակները պնդում են, որ մեծացել են նաև «ատկատների» չափերը, ինչը նույնպես իր ազդեցությունը կունենա գնագոյացման վրա։

Նախագահականում տեղի ունեցած վերջին խորհրդակցությունը ապացուցեց այն թեզը, ըստ որի՝ բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործումը հովանավորվում է «Բարձր դռան» կողմից, ասել է թե՝ Տիգրան Սարգսյանն ինքնագլուխ չի «կոպեկանոց» մալուխը գնում տասնապատիկ թանկ։

Սերժ Սարգսյանն ասաց, որ կարևորը թղթերը չեն։ Կարևորն այն է, որ «ճիշտ» կազմակերպվեն բյուջետային միջոցների ծախսերը։ Այդ խոսքերից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ պետության կողմից ձեռք բերվող մալուխի գինը չի իջնելու։

Ս. Սարգսյանը նաև կոչ արեց պետբյուջեն ծախսող մարմիններին չկոմպլեքսավորվել, երբ գրում են, թե այսքան փող ծախսեցին քեֆերի ու պատվիրակությունների վրա։

«Պետք չէ մտավախություն ունենալ, որ այդ հաշվետվությունների հրապարակումից հետո 1, 2 կամ 3 օր հետո տեղի մամուլը սկսում է գրել, որ 300.000 դրամ ծախսեցին հյուրասիրության համար, 700.000 դրամ ծախսեցին և այլն: Եթե դրանք ծախսում են մեր նպատակներին համահունչ, ըստ ծրագրի և ծախսում են ազնվորեն, ի՞նչ խնդիր ունեք: Եվ պետք է հորդորել գերատեսչությունների ղեկավարներին, որ անմիջապես նեղացածի դիրք չընդունեն, չասեն՝ մի պատվիրակություն եկավ, մենք ընդամենը 1 մլն դրամով կարողացանք բոլոր հոգսերը հոգալ, իսկ մեր մասին գրում են, որ 1 մլն դրամ ծախսեցինք: Գրում են, թող գրեն»,– մասնավորապես նշել է Սարգսյանը:

Մի խոսքով՝ վարչապետի գործը պետք է լինի լեն ու բոլ ծախսելը, Վերահսկիչ պալատի գործը՝ թալանի մասին բացառապես տանը խոսելը, իսկ դատախազության գործը՝ Վերահսկիչ պալատի նախագահի՝ Իշխան Զաքարյանի տանը խոսացած բաները սխալ հանելը, վարչապետի «ատկատները» չհայտնաբերելն ու օֆշորի տեղը մոռանալը։

Դե, իսկ ՀՀ բնակչության գործը պետք է լինի գազի, հոսանքի ու մյուս բաների համար պարտաճանաչ վճարումներ կատարելը։ Թե չէ կանջատեն։

Հանուն արդարության պետք է նկատել, որ հանրությանը տարբեր տիպի «գռուզիտների» ենթարկելուն զուգահեռ, իշխանությունները նաև օգնության ձեռք են մեկնել։ Այսօրվանից նվազագույն աշխատավարձը 35 000 դրամից կդառնա մի ամբող 45 000 դրամ։ Ճիշտ է, նվազագույն աշխատավարձի այդ բարձրացումը որևէ բան չի փոխի ՀՀ քաղաքացիների կյանքում, բայց «զատո» ցույց կտա, որ իշխանությունը մտածում է նաև տալու մասին։ Այսինքն՝ այնպես չէ, որ միայն հարկ են հավաքում, «ատկատ» վերցնում ու հոսանքի գին բարձրացնում։ Նաև ժողովրդի մասին են մտածում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը