Կարծիք

01.07.2013 09:30


Հարյուր դրամի արտոնություն

Հարյուր դրամի արտոնություն

Վարորդական խցի ապակու վրա կոկիկ շարադրված էր անվճար երթևեկելու արտոնություն ունեցողների ցանկը:

Շատ վաղուց ավտոբուս չէի նստել: Արտոնյալները բաժանվում են երեք խմբի` սպիտակ, դեղին, կապույտ գրքույկ ունեցողներ: Սպիտակ գրքույկի արտոնությունը մեխեց ուշադրութունս ապակու վրա: Արտոնյալ այս խմբի մեջ մտնում են երեք կատեգորիա` Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները, Մարտական առաջին և երկրորդ աստիճանի խաչի ասպետները, մանկատան սաները, ծերանոցներում բնակվողները, պետության հոգածության տակ գտնվող մարդիկ, տասը երեխա ծնած և դաստիարակած հերոսուհի մայրերը:

Որ ինչ-որ բան սխալ էր` ես զգացի անմիջապես, բայց մտքի կանոնավոր դասավորությունը դեռ չէր ստացվում: Առայժմ գործել էր անհեթեթությունը հոտառությամբ զգալու ենթագիտակցական հնարավորությունը:

…Ուրեմն, ազգային հերոսներին, Մարտական առաջին և երկրորդ աստիճանի խաչ ունեցողներին արտոնում են ավտոբուս նստել՝ առանց հարյուր դրամ վճարելու… Մի քիչ էլ հոգնած լինելու դեպքում միտքդ առաջ չի գնում, բայց գալարներիցդ կախվում-մնում է անհեթեթության կպչուն զգացողությունը:

Հայաստանի Հանրապետության օրենքը Մարտական խաչ շքանշանի մասին ասում է հետևյալը.

Հոդված 1. Մարտական խաչ շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության և հմտության համար:

Հայաստանի ազգային հերոսը ՀՀ բարձրագույն կոչումն է: Շնորհվում է ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց` երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման, ստեղծած ազգային նշանակալի արժեքների և Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար:

Հայաստանի ազգային հերոսի կոչումն առաջինը շնորհվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին, հայկական բարեգործական ընդհանուր միության ցկյանս նախագահ Ալեք Մանուկյանին:

Դրանից հետո Շառլ Ազնավուրին, Քըրք Քըրքորյանին:

Հիմա պատկերացնենք նշված անուններից ո՞ր մեկը պետք է երթևեկեր սույն չինական ավտոբուսով թոշակառուների հետ և որպես արտոնություն` չմուծեր հարյուր դրամ ուղեվարձ:

Շարունակենք թվարկել ազգային հերոսների մյուս խումբը:

Հետմահու ազգային հերոսի կոչում է շնորհվել Մովսես Գորգիսյանին, Վիտյա Այվազյանին, Գեղազնիկ Միքայելյանին, Մոնթե Մելքոնյանին, Ջիվան Աբրահամյանին, Թաթուլ Կրպեյանին, Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին:

Մարտական երկրորդ աստիճանի շքանշանի ասպետներ են, օրինակ` Սուրեն Խաչատրյանը, Գորիկ Հակոբյանը: Բնականաբար, ազգային անվտանգության նախարարը ավտոբուս չի նստելու: Լիսկային դժվար կլինի նստեցնել ավտոբուս…

Այսպիսով, անհեթեթությունը կարծես ուրվագծվում է: Ազգային հերոսների մի մասին ընդգծված անհնար է պատկերացնել ավտոբուսով երթևեկելիս՝ բարձր դիրքի և ֆինանսական հնարավորությունների առումով:

Պատերազմ հաղթած հերոսների համար, որոնք պետք է համարեին իրենց արտոնյալ` հարյուր դրամ չմուծելով, վիրավորական է: Նախ, պատերազմ հաղթած ազգային հերոսը պետք է լինի ապահովված այնչափ, որ հասարակական տրանսպորտի հարյուր դրամը, մեղմ ասած, բացառվեր որպես երևույթ, իսկ եթե պատերազմ հաղթած հերոսը ունի հարյուր դրամ արտոնության կարիք` սա ազգային խայտառակություն է:

Այս շարքում հարյուր դրամ արտոնությունը նվեր են ստանում մարդիկ, որոնք կարող են գնել հանրապետությունը առանց զեղչի…

Միայն այս ցանկը, որտեղ նույն խմբի մեջ տեղավորված են ազգային հերոսը, Մարտական առաջին և երկրորդ աստիճանի խաչ ունեցողներն ու մանկատան սաներն ու ծերանոցի բնակիչները` բացառիկ անհեթեթություն է:

Իսկ անվճար երթևեկության կարիք ունի Հայաստանի շարքային բնակչության երևի կեսից շատը: Առաջին հերթին մեքենա չունեցող ուսանողները, որոնք իմ կոպիտ հաշվարկով, եթե ընդունենք, որ գոնե բուհ հասնելու և վերադառնալու համար ծախսում է երկու հարյուր դրամ, իսկ ամիսն ունի երեսուն օր, ապա ստացվում է անվճար երթևեկելու արտոնության դեպքում ուսանողը կտնտեսի 6000 դրամ: Շարքային հայ ուսանողի համար սա նկատելի արտոնություն կլինի: Աշակերտներին, որոնք երթևեկում են հասարակական տրանսպորտով և ոչ թե մասշտաբային զրահամեքենաներով, այս արտոնությունը շատ տեղին կլիներ: Թոշակառուներին առանց բացառության, որոնք նստում են տրանսպորտ, սա շատ պետք կլիներ: Իսկ բազմազավակ մայրերը թող արտոնյալ լինեն` փա՛ռք նրանց…

Ավտոբուսի ապակու վրա փակցված այս ցուցակը վիրավորական է: Ազգային հերոսին չի կարելի հարյուր դրամի արտոնություն տալ: Եթե նա ունի դրա կարիքը, դա խայտառակություն է: Ազգային արժանապատվության ոտնահարում է ազգային հերոսին, Մարտական խաչի ասպետին, մանկատան երեխային, ծերանոցի բնակչին դասավորել նույն ցանկում. բարի, բարեհոգի պետություն:

Լուսինե Հովհաննիսյան

Աղբյուրը՝ http://zham.am/am/news/9379.html

Այս խորագրի վերջին նյութերը