Լրահոս

29.06.2013 00:12


«Հետազոտվի՛ր և ապրի՛ր»

«Հետազոտվի՛ր և ապրի՛ր»

Այսօր՝ հունիսի 28-ին, Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի հատման վայրում, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր «Հետազոտվի՛ր և ապրի՛ր» հանրային միջոցառումը Եվրոպական միության աջակցությամբ: Մեր քաղաքի 150 անցորդներ (յուրաքանաչյուրն ընդամենը 20 րոպեի ընթացքում) հնարավորություն ունեցան հետազոտվել և իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը: Նախա- և ետթեստային խորհրդատվությունն իրականացվում էր վրաններում՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից, իսկ հետազոտությունը՝ շտապ բժշկական օգնության մեքենայում, ինչի շնորհիվ ապահովվում էր հետազոտության գաղտնիությունը: Հետազոտությունն անանուն էր, անվճար և գաղտնի:

Միջոցառումն իրականացվում էր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ, Վորլդ Վիժն Հայաստանի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն» ծրագրի օժանդակությամբ (ծրագիրը իրականացվում է 2012-2014 թ., 1,217,951 եվրո ֆինանսավորմամբ), «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության և այլ գործընկերների աջակցությամբ:

«ՄԻԱՎ ունեցող մարդը կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին, 8-10 տարի գործնականում առողջ լինել, չունենալ հիվանդության որևէ նշանակալի դրսևորում, և վարակը փոխանցել այլոց: Ահա թե ինչու չափազանց կարևոր է անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն՝ անկախ առողջական խնդիրների առկայությունից», - նշեց «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի վերոնշյալ ծրագրի համակարգող Նոնա Սարգսյանը:

Վորլդ Վիժն Հայաստանի «Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն» ծրագրի համակարգող Անուշ Սահակյանի համոզմամբ՝ ՄԻԱՎ-ը հիմնականում փոխանցվում է այն մարդկանց միջոցով, որոնք չեն հետազոտվել և չգիտեն իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին: «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս ախտորոշելու ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, ինչը չափազանց կարևոր է՝ անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու, զուգընկերներին և ապագա երեխաներին չվարակելու համար: Ժամանակակից բուժման շնորհիվ ՄԻԱՎ վարակը դարձել է քրոնիկ ընթացքով կառավարելի հիվանդություն: Բուժման պահից սկսած հիվանդի կյանքի տևողությունը կարելի է երկարացնել միnչև 35-40 տարի»,- ընգծեց Անուշ Սահակյանը:

Մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ 2/3-ը չգիտի իր կարգավիճակի մասին: Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500: Մեզանում շատերի համար ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելը տարօրինակ և անսովոր է թվում: Ժամանակակից կյանքում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելն ամոթ չէ, այլ նախեւառաջ, սեփական առողջության մասին հոգալու դրսևորում է:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն նրանք, ովքեր երբևէ օգտագոր­ծել են թմրա­մի­ջոցներ նե­րար­կա­յին ճանա­պար­հով, ունեցել են ռիսկային սեռական կապեր (երբ հայտնի չէ ՄԻԱՎ-ի նկատմամբ զուգընկերոջ կարգավիճակը) առանց պահպանակի, երբևէ հիվան­դացել են որևէ սեռա­վա­րակով, ունեցել են զուգընկեր, որի մոտ հայտնաբերվել է որևէ սեռավարակ, ունեն պարբերաբար արտագնա աշխատանքի մեկնող զուգընկեր, ունեն վիրուսային հեպատիտներ B կամ C, կատարել են դաջվածքներ կասկածելի մաքրության գործիքներով: Այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, ովքեր բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում և հնարավորություն ունեն ապրել երկարատև ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ: Միակ անհրաժեշտ նախապայմանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելն է և անհրաժեշտության դեպքում բուժման հետևողականությունը:

Այս խորագրի վերջին նյութերը