Լրահոս

27.06.2013 17:22


Քոբայրի բնակիչները պարբերաբար զգուշացվում են

Քոբայրի բնակիչները պարբերաբար զգուշացվում են

«7օր» էլեկտրոնային կայքը երեկ տեղեկատվություն էր տարածել, որ Լոռու մարզի Քոբայր գյուղին կից սրբավայրերից մեկը տեղացիները դարձրել են անասնագոմ: Տեղեկացնում ենք, որ նշված հուշարձանները Քոբեր բնակավայրի կազմում հաշվառված Քոբայրի վանական համալիրի կառույցներից են: Եկեղեցին գտնվում է համալիրի հյուսիսային մասում, պարսպի մոտ (պետ. ցուցիչ N 5.4.1.7.4) և եկեղեցու հարավային կողմից կից սրահը (պետ. ցուցիչ N 5.4.1.7.4.1): Ներկայում այն գործող սրբավայր չէ:

Խոշոր եղջերավոր կենդանիների` հուշարձանի տարածք մուտք գործելու փաստը դեռեւս 2011թ. քննարկվել էր նաև Թումանյանի քաղաքապետ Լ. Զավարյանի հետ: Նմանատիպ դեպքերը բացառելու համար, հուշարձանի պահապանի ուժերով 2011թ. պատրաստվեց ու սրահի դիմաց փոքր երկաթե դռնակ տեղադրվեց, նորոգվեց նաեւ եկեղեցու ջարդված դուռը: Դրանք առ այսօր անվնաս վիճակում են ու իրենց տեղում: Սակայն, վանական համալիրը պարսպապատված չէ, եկեղեցին էլ` փլուզված հատվածներ ունի: Դա է պատճառը, որ անասունները երբեմն կարողանում են մուտք գործել համալիրի տարածք:

Հուշարձանի պահապանը 26.06.2013թ. եղել է վանական համալիրում: Անասուններ տարածքում չեն եղել: Հուշարձանի պահապանի կողմից մաքրվել են առկա գոմաղբի որոշ հետքեր: Գյուղի բնակիչները հավաստել են, որ խոշոր եղջերավոր անասուն այս օրերին գյուղում չկա` սարերում են /Քոբեր բնակավայրը գտնվում է ժայռոտ ու քարքարոտ տեղանքում և զուրկ է արոտավայրերից/:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու ՊՄՊ մարզային ծառայության ղեկավարը Թումանյան ու Այգեհատ համայնքների ղեկավարներին զգուշացրել է /հիմք ընդունելով ՏԻՄ մարմինների մասին օրենքը/ իրենց իրավասությունների շրջանակում ապահովել տարածքի սանիտարական մաքրությունը, բացատրական աշխատանքներ իրականացնել բնակիչների հետ եւ ձեռնարկել անհրաժեշտ այլ միջոցներ` բացառելու խոշոր եղջերավոր անասունների մուտքը վանական համալիրի տարածք:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Այս խորագրի վերջին նյութերը