Կարծիք

27.06.2013 15:45


Ա՛յ քեզ ցանկություն

Ա՛յ քեզ ցանկություն

Դաշնակցական գործիչներից մեկը երեկ շատ տարօրինակ ցանկություն հայտնեց: Ասաց, թե շատ կուզենար, որ աշնանը Սերժ Սարգսյանը հանդես գար ուղերձով:

Իսկ ինձ թվում էր, թե ՀՀ բոլոր քաղաքացիները լիուլի կուշտ են այդ ելույթներից ու ուղերձներից, որոնք գրեթե անընդմեջ հնչել են անցած հինգ տարիների ընթացքում՝ սկսած դեռեւս այն «երանելի» ժամանակներից, երբ Սերժ Սարգսյանը Մարզահամերգային համալիրում հավաքում էր քաղաքական ուժերին ու …ճառում, ճառում, ճառում էր:

Կամ՝ ինչպես Շեքսպիրը կասեր. «Բառեր, բառեր, բառեր, որոնք այդպես էլ մնացին թղթին գրված բառեր, բառեր, բառեր»:

Համալիրյան «դասախոսություններին» հաջորդած ՀՀԿ համագումարների ժամանակ, մայրաքաղաքային ու համապետական ընտրությունների նախընտրական փուլերում հնչած ելույթներն ու ուղերձները դարձյալ շարքային քաղաքացու համար այլ բան չեն նշանակել, քան՝ բառեր, բառեր, բառեր: Քանզի դրանցում արտահայտված ցանկություններն ու խոստումները մնացել են որպես ցանկություններ ու խոստումներ: Այն է՝ չեն դարձել իրականություն, չեն դարձել գործ, ինչը դույզն–ինչ կբարելավեր շարքային քաղաքացիների, մեղմ ասած, անբարվոք վիճակը:

«Աշխարհին ուղղված մի բացիկ եմ ես, ինձ մի ծրարեք...»,-գոչում է Սեւակի բանաստեղծական հերոսը:

Նույնպիսի գոչյուններ ենք լսել հինգ տարի շարունակ: Ու հիմա պարզվում է՝ կան մարդիկ, որ կրկին զգում են այդ բարձրագոչ հայտարարությունների կարիքը:

Վերջին նախագահական ընտրությունների արդյուքները ցույց տվեցին, որ օրինակ Գյումրիում ու Վանաձորում չեն հավատում Սերժ Սարգսյանի եւ ոչ մի բառին:

«Երբ այցելում եմ ձեզ, միշտ ունենում եմ երկակի զգացումներ: Մի կողմից Գյումրու և գյումրեցու նկատմամբ պարտավորվածության զգացում, որն ինձ հուշում է ավելին, գուցե նաև անհնարինն անելու, որպեսզի օր առաջ Գյումրին դառնա ավելի բարեկեցիկ ու բարեկարգ` վերագտնելով իր երբեմնի հպարտությունն ու քաղաքային կյանքին բնորոշ նախանձելի որակները: Մյուս կողմից ունեմ հանգստության ներքին զգացում, քանի որ այս տարիների ընթացքում շարունակել ենք Գյումրու վերականգնման դժվարին առաքելությունը` դրա համար չխնայելով ո՛չ ժամանակ, ո՛չ միջոցներ և ո՛չ էլ հոգատարություն ու ուշադրություն»:

«Սիրելի՛ վանաձորցիներ,

Ես խոստանում եմ ձեզ, որ ընտրվելու դեպքում՝ գալիք հինգ տարիներին իմ ջանքերն ուղղվելու են նրան, որ պետական մեքենան, նրա յուրաքանչյուր օղակն աշխատի ավելի պարտաճանաչ և ավելի արդյունավետ: Այսօր մենք վերահսկելիության և թափանցիկության նոր հնարավորություններ ենք ներդնում կառավարման համակարգում` նրա ողջ լայնքով ու երկայնքով: Այս գործընթացներին նոր թափ և արագություն է հաղորդվելու: Քաղաքապետարաններից մինչև դատարաններ, կադաստրից մինչև հարկային ու մաքսային մարմիններ մենք ունենալու ենք տեղեկատվական այնպիսի հոսքեր, որոնք ապահովելու են ծառայությունների և՛ արագությունը, և՛ որակը: Այս ուղղությամբ մենք արդեն բավականին առաջ ենք գնացել, բայց մեր վերջնական նպատակն է, որ այլևս չթողնենք ոչ մի ասպարեզ մութ գործարքների համար: Յուրաքանչյուր անկյուն լինելու է լույսի տակ, և կաշխատենք, որ լինի նաև խոշորացույցի տակ»:

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին գյումրեցիների ու վանաձորցիների հետ նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարում էր նախագահի թեկնածուն՝ խոստանալով, հուսադրելով ու հուսավառելով տեղի ընտրողներին:

Սակայն Սերժ Սարգսյանը երկու քաղաքներում էլ պարտվեց նախագահի ընդդիմադիր թեկնածուից:

Այդ շրջանում նույնպիսի հուզիչ ելույթներ, դրանցում արտահայտված ուղերձներ կամ մեսիջներ են լսել մնացած մարզերի ու Երեւանի ընտրողները:

Իսկ վերջում, հայտնի է՝ վերընտրվեց ուզած տոկոսը «խփելու» միջոցով:

Այսքանից հետո մի՞թե նրա ուղերձին սպասող կա:

Մանավանդ, որ ինչպես նախկինում հրապարակված ելույթներում ու ուղերձներում, այնպես էլ ակնկալվող ուղերձում Սերժ Սարգսյանը չի անդրադառնալու օրինակ Լիսկայի «քաջագործություններին» կամ օֆշորային սկանդալի թեմային:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը