Մեկնաբանություն

27.06.2013 14:05


Թանկարժեք տղան

Թանկարժեք տղան

Տիգրան Սարգսյանն ընկել է դավադրությունների տեսության գիրկը։ Այլ տարբերակ նա պարզապես չունի։ Բա ուրիշ ինչպե՞ս դուրս գա կոռուպցիոն սկանդալների տակից։ Պիտի լուրեր տարածի, թե իր դեմ են դուրս եկել ԱՄՆ–ից մինչև Հովիկ Աբրահամյան, Ռուսատանից մինչև Հզբոլլահ և այդպես շարունակ։ Ճիշտ է, նրա տարածած հեքիաթներին ոչ մեկը չի հավատում, բայց դե մարդը մի կերպ պետք է պաշտպանվի ու պաշտպանվում է։

Պաշտպանվելուն զուգահեռ Տիգրան Սարգսյանը նաև թանկացնում է իրեն։ Գին է բարձրացնում։ Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջը պտտվող լուրերը երևի ոգևորել են վարչապետին, ու նա որոշել է ամառային տրանսֆերային շուկայի բաց պատուհանն օգտագործել։

Ինչպես հայտնի է, Նավասարդ Կճոյանի և Տիգրան Սարգսյանի օֆշորային մեքենայությունների բացահայտման կապակցությամբ վարչապետը հայտարարեց, թե որոշ մարդիկ իր անունից կազմակերպություն են գրանցել, որպեսզի վարկաբեկեն իրեն։

Տ. Սարգսյանի ասելով ստացվում է, որ մութ ուժերը երեք տարի առաջ «Ամերիաբանկից» կասկածելի ճանապարհով 10 մլն դոլարի վարկ էին վերցրել, որպեսզի այդ փողերը իր անունով «լվանային» օֆշերներում՝ այդպիսով արատավորելով իր բարի համբավը՝ հընթացս նպաստելով նույն Տիգրան Սարգսյանի անձնական եկամուտների աճին։ Ինչ «նագլի» են, չէ՞, վարչապետի չուզողները։ Հերիք չէ՝ 10 մլն դոլարի չափով վարկաբեկում են, դեռ մի բան էլ հետագայում բացահայտում են այդ ամենը։

Հիմա էլ Տիգրան Սարգսյանը լուրեր է տարածում, թե բա չեք ասի, օֆշորի թեման «տաք» պահելու համար որոշ շրջանակներ 100 հազ. դոլար են ծախսել։

Փաստորեն, Տիգրանն իր մասին շատ բարձր կարծիքի է և իրեն գնահատում է առնվազ 10 մլն 100 հազ. դոլար։ Չէ, իրոք որ դասականին հիշելու ժամանակն է. հոպարինյո՛, մի քանի զրո ավել ես ասում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը