Կարծիք

27.06.2013 10:30


Ռատցելի տեսությունը և Հայաստանի ապագան

Ռատցելի տեսությունը և Հայաստանի ապագան

Վերջին ամենքննարկվող լուրերից մեկը Ալիևի հայտարարությունն է: Եւ, իհարկե, գտնվել են շատերը, ովքեր այդ հայտարարությունը համարել են հերթական ֆարս՝ հենվելով այն գաղափարի վրա, որ կամ «ռուսները թույլ չեն տա, որ Ադրբեջանը մեր դեմ պատերազմ սկսի», կամ էլ արևմուտքն ու Եվրոպան մեզ կփրկեն: Սակայն նմանատիպ հայտարարությունները, ինչպես ցույց տվեցին 2008-ի իրադարձությունները Հարավային Օսիայում, անհիմն են և իրականում գործում են Ռատցելի «Պետության տարածքային աճի կանոնների մասին» գրքում նկարագրված օրենքները: Այն է՝

1. պետության տարածքն աճում է մշակութային աճին համընթաց,
2. պետության տարածքային աճն ուղեկցվում է զարգացման այլ ցուցանիշներով՝ գաղափարների, առևտրի, արտադրության, միսիոներության, տարբեր ոլորտներում աճող գործնեության զարգացմամբ,
3. պետության աճը իրականացվում է ավելի փոքր պետություններ կլանելու և իրեն միացնելու ճանապարհով,
4. սահմանը պետության ծայրամասային մարմին է, որը վկայում է պետության աճի, ուժի կամ թուլության և փոփոխությունների մասին,
5. իր աճի ընթացքում պետությունը ձգտում է ներառել ֆիզիկական միջավայրի առավել արժեքվոր տարրերը՝ առափնյա տարածքներ, ջրավազաններ, հարթավայրեր, հարուստ պաշարներով տարածքներ,
6. պետության տարածքային աճի ազդակը գալիս է դրսից՝ որպես արդյունք հարակից տարածքներում զարգացվածության մակարդակի տատանման,
7. ավելի թույլ պետություններ կլանելու և ավելի ուժեղ պետությանը միացնելու միտումը զարգանալու հետևանքով փոխանցվում է պետությունից պետություն և փոխանցման հետևանքով աճում:

Եւ այս պարագայում մեր երկրի միակ փրկությունը կարող է լինել ուժեղ տնտեսությունը, սոցիալական բարենպաստ պայմանները, որոնք կկանգնեցնեն արտագաղթը, կապահովեն քաղաքական կայունությունը և այդ ամենից բխող այլ պայմանները: Սակայն այսօրվա իշխանությունները ի վիճակի չեն ապահովել մեր երկրի տնտեսական աճը, ինչի մասին վկայում են նույնիսկ պաշտոնական տվյալները, ինչպես ի վիճակի չեն ամրապնդել Հայաստանի դիրքերը միջազգային հարաբերություններում, ինչը վտանգի տակ է դնում մեր երկրի գոյությունը, թեև, գուցե, շատերին կարող է թվալ, որ նմանատիպ հայտարարությունները շատ պաթոսային են, իսկ իրականությունը շատ ավելի լուսավոր է: Սակայն, ցավոք, ես հակված չեմ այս հարցում լավատես լինելուն:

Նինա Մարգարյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/nina.margaryan.7

Այս խորագրի վերջին նյութերը