Կարծիք

11.07.2009 21:46


Ճգնաժամ. ո՞րն է ելքը

Ճգնաժամ. ո՞րն է ելքը

«Հայաստանի տնտեսությունը սատկում է»,-այս խոսքերի հեղինակը ոչ թե արմատական ընդդիմության ներկայացուցիչն է, այլ իշխող կուսակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Ուրեմն  չկա որևէ հիմք չհավատալու նրա խոսքերին: Այվազյանն ամեն ինչ գիտի ներսից։

Ընդհանրապես մեր տնտեսության մասին գնահատկաններն աչքի են ընկնում ընդգծված բազմազանությամբ, ավելի ճիշտ իրարամերժությամբ:  Աննախադեպ լավատեսութունից /Էկոնոմիկայի նախարար/ մինչև սատկող` ԱԺ ոլորտային հանձնաժողովի նախագահ:

Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում տնտեսությունը վերացական գաղափար է, աննյութական' հասարակ քաղաքացու հետ առնչություն չունեցող: Իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է:

Հարցրեք փոքր կրպակատերերից մինչև խոշոր հարկատու, քաղծառայողից մինչև թոշակառու, և նրանք մոտավորապես նույն բառերով կասեն, թե ինչ վիճակում է մեր տնտեսությունը և ինչ հեռանկար է սպասվում:

Օրերս, Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց և հավանության արժանացավ ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև հատուկ փոխառության իրավունքին համարժեք 200 միլիոն գումարի չափով վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը: Եվ հենց այստեղ էլ հնչեցին Վ. Այվազյանի վերը նշված խոսքերը:  Խորհրդարանը 57 ձայնով վավերացրեց համաձայնագիրը։ «Ժառանգությունը» քվեարկեց «դեմ», իսկ ՀՅԴ-ն՝ «ձեռնպահ»։  «Դեմ» քվեարկեց նաև «Բարգավաճ Հայաստանը»:

Ինչպես ևս սպասվում էր՝ «Բարգավաճի» քվեարկությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց։ Մեր խորին համոզմամբ, սակայն, ճշմարտությունը ավելի պարզ է:  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը մեր ընթացիկ տնտեսությունը գիտի ոչ թե տեսականորեն, ոչ թե ինտերնետից, կամ միջազգային կազմակերպությունների զեկույցներից, այլ իրական կյանքից' նրա բոլոր դրսևորումներով:

Իսկ իրականությունն այն է, որ որ երկրի տնտեսությունն աննախադեպ կրճատվում է, տեղական արտադրողները հայտնվել են անելանելի վիճակում, արտահանումը հասել է չնչին տոկոսների, մեզ համար նախկինում գրավիչ շուկաները անդառնալիորեն կորսվում են, օտարերկրյա ներդրումներ Հայաստանում չեն արվում:

Թերևս աղետալի իրականությունն է պատճառը, որ Գ. Ծառուկյանը նախաձեռնել է արտասահմանյան հանդիպումների շարք. մասնավորապես' Բելառուս և արևելյան Եվրոպայի որոշ երկրներ:

Լինելով երկրի խոշոր գործարարներից մեկը' Ծառուկյանը ֆիքսել է ամենակարևոր բանաձևը' եթե ոչ հիմա, ապա' երբեք:  Այսինքն, եթե հիմա ատամներով չպայքարես մեզ համար ավանդական շուկաների պահպանման համար, ապա վաղը կլինի ուշ, եթե հիմա չփորձես նոր կապեր հաստատել դրսի բիզնես էլիտաների հետ, վաղը լինելու է ուշ: Եթե հիմա չփորձես նոր ներդրումներ բերել երկիր, ապա վաղը լինելու է ուշ, կամ' ընդհանրապես' անօգուտ:

Թվում էր, թե այս պահին ավելի կարևոր ու հրատապ խնդիր դժվար թե լիներ: Եվ ԲՀԿ ղեկավարի գործունեությունը, առողջ տրամաբանության համապատասխան, պիտի ստանար բոլորի աջակցությունը' անկախ քաղաքական հայացքներից: Մենք մի պահ մոռանում ենք, որ եթե ճգնաժամը խորանա այն աստիճան, որ տնտեսական կորուստները լինեն անդառնալի, ապա տուժելու ենք բոլորս, և ունենալու ենք ծանր իրականության առաջ կանգնած պետություն:

Սակայն Հայաստանյան իրականությունն ունի նաև այլ կողմեր. այն է' չկատարելով որևէ արդյունավետ քայլ, փնովել նրան, ով դա անում է: Հենց այս դրսևորումներին մենք եղանք ականատես որոշ շրջանակների կողմից:

Այնպես է ստացվել, որ դրսում քայլի լրջությունն ավելի արագ ընկալեցին, քան երկրի ներսում: Այդ մասին է վկայում, մասնավորապես, բելառուսական գործարար պատվիրակության օպերատիվ պատասխան այցը Հայաստան:

Բայց իրականությունն ունի իր տրամաբանությունը, իսկ դա կայանում է նրանում, որ տնեսությունը վատ, չափազանց վատ վիճակում է, և ով կկարողանա այս վիճակում ստեղծել բարիք, կատարել քայլ, որը հետ կպահի կործանումից, ունենալու է հասարակության լայն շրջանակների աջակցությունը: Այդպես էր, երբ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց մանր, միջին բիզնեսը ոչնչացնող օրենքներին, այդպես է նաև հիմա, երբ խմբակցությունը դեմ քվեարկեց ԱՄՀ-ի վարկին, որի ոչ տոկոսադրույքներն են հայտնի, ոչ ծախսման ոլորտները և ծրագիրը: Իսկ այդպիսիք պարզապես չկան:

Դավիթ Գալստյան

Այս խորագրի վերջին նյութերը