Լրահոս

26.06.2013 12:50


Այս պահին Հրազդանից գալիս են Գլխավոր դատախազության և նախագահականի մոտ բողոքի ցույցի

Այս պահին Հրազդանից գալիս են Գլխավոր դատախազության և նախագահականի մոտ բողոքի ցույցի

Քիչ առաջ «7օր»–ի խմբագրություն է զանգահարել Հրազդան քաղաքի բնակիչ Մարգարիտ Հովհաննիսյանը և տեղեկացրել, որ հարազատներով գալիս են Երևան՝ ՀՀ գլխավոր դատախազության, այնուհետև ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի գործողություն իրականացնելու։

Նա պատմել է, որ 2008թ. հոկտեմբերի 25–ին Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել, որը 2 մարդու կյանք է խլել։ Մարգարիտ Հովհաննիսյանի պնդմամբ՝ ղեկին եղել է Գագիկ Հովհաննիսյանը, բայց դատարանը մեղավոր է ճանաչել և 7 տարվա ազատազրկման դատապարտել ուղևորին՝ Մկրտիչ Դանիելյանին, ում եղբոր կինն է Մարգարիտ Հովհաննիսյանը։ Գագիկ Հովհաննիսյանը և Մկրտիչ Դանիելյանը հարևաններ են եղել։

–Գալիս ենք արդարություն պահանջենք։ Դատել են անմեղ մարդու, կաշառել են փորձագետներին, դատախազին, ու դատել են Մկրտիչ Դանիելյանին։ Դատը սկզբում եղել է Հրազդանում, հետո՝ Աբովյանում։ Դիմելու ենք նաև Վերաքննիչ դատարան։ Մենք ամեն ինչի պատրաստ ենք,–ասել է Մարգարիտ Հովհաննիսյանը։

Նա նաև պնդել է, որ արդարություն չգտնելու դեպքում լքելու են Հայաստանը։

–Մի ամբողջ ցեղ կարտագաղթի, բա ինչ անենք,–նշել է նա։

Ի դեպ՝ 2013թ. հունիսի 5ին էլ նույն Գլխավոր դատախազության մոտ բողոքի գործողություն էին իրականացրել ավտովթարից զոհված19-ամյա Աբրահամ Բակլաչյանի և նրա հորեղբոր հարազատները։ Ինչպես պնդել էր նրանց հայրը՝ Արայիկ Բակլաչյանը, վթարի ենթարկողը եղել է հենց Մկրտիչ Դանիելյանը, ով Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հորեղբոր տղան է։ Նա բողոքել է, որ դատավարությունն արդեն 5 տարի է՝ ընթանում է, բայց որևէ մեկը չի պատժվում:

«7օր»–ի հարցին ի պատասխան՝ Մարգարիտ Հովհաննիսյանը հաստատել է, որ իրոք Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը իրենց հորեղբոր տղան է, բայց և վրդովված ավելացրել է.

–Դա որևէ՛ կապ չունի։ Ինչքա՞ն պետք է խեղդվենք Արամ Դանիելյանի պատճառով։ Պիտի կուլ գնանք, որ անմեղ տղեն տուժի՞։ Մենք թողնելու ենք գնանք երկրից, թող մենակ ինքը մնա ստեղ քաղաքապետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը