Մեկնաբանություն

26.06.2013 11:10


Տիգրան Սարգսյանի առավոտը

Տիգրան Սարգսյանի առավոտը

Օֆշորային սկանդալից հետո սեփական կաշին փրկելու համար՝ Տիգրան Սարգսյանն անցել է «կացնային» մեթոդի կիրառմանը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները։

Այսօր «Առավոտ»–ը «լուր» տարածեց այն մասին, որ իր ունեցած տեղեկություններվ` վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 100 հազար դոլար գումար Է «ներդրվել» վարչապետի օֆշորային սկանդալի թեման «տաք» պահելու համար: «Առավոտի» լավատեղյակ աղբյուրները, սակայն, չեն հայտնել, թե որքան գումար է ծախսվել վարչապետի օֆշորային թեման «սառը» պահելու համար։ Համոզված ենք, որ ընթերցողներին հետաքրքիր կլիներ իմանալ նաև «սառը» պահելու գինը։

Թույլ տանք մեզ ենթադրել, որ եթե, ըստ «Առավոտի», «տաք» պահելու համար ծախսվել է 100 հազ. դոլար, ապա «սառը» պահելը պետք է որ ավելի թանկ նստած լինի Տիգրանի վրա, քանզի օֆշորում 10 մլն. «լվացողը» հազիվ թե քծիբություն աներ ու «լվացածի» 10 տոկոսը չծախսեր թեման «սառեցնելու» համար, մանավանդ որ հետագայում այդ փողը պետբյուջեի «ատկատներով» հանգիստ կարելի է հետ բերել։ Ինչևէ։

Եվ այսպես, բացահայտվեց, թե ինչու են մարդիկ շարունակում անամոթաբար խոսել օֆշորային սկանդալի մասին։ «Առավոտը» բացեց այդ գաղտնիքը։ Պարզվում է փողն է պատճառը, թե չէ ինչու պետք է մի քանի լրատվամիջոց պարբերաբար անդրադառնան աննախադեպ այդ պատմությանը։

«Առավոտը», բնականաբար, այս պատմության մեջ չեզոք դիրքերում է, այսինքն իրեն ոչ «սառն» է, ոչ էլ «տաք» օֆշորի թեման։ Դատե՛ք ինքներդ. օֆշորային սկանդալի առաջին օրերին խիստ անաչառ և չափից դուրս օբյեկտիվ «Առավոտը», «անկախ» լրատվամիջոցների հետ միասին, չէր նկատում օֆշորային պատմությունը և ծպտուն չէր հանում վարչապետի մասին։ Այդ թերթում գրվում էր ամեն ինչի, բայց ոչ վարչապետի օֆշորային մեքենայության մասին, քանզի Արամ Աբրահամյանը հարգում է անմեղության կանխավարկածը և չի ուզում այդ թեման «տաք» պահել։ Դե իսկ օֆշորը «սառնարանում» պահել նրան նույնպես չի հաջողվում (մի քանի «նագլի» լրատվամիջոց գրում է օֆշորի մասին ու «խուրդում» չգրողներին)։ Եվ ահա Աբրահամյանը հանճարեղ լուծում է գտել. նրա թերթը տարածում է, թե ով օֆշորի թեմայով գրի, ուրեմն 100 հազ. դոլարից փայ ունի։ Այսինքն՝ Արամն ուզում է ասել, որ ինքը չի գրում կամ չի «տաքացնում» վարչապետի հարցը, քանզի չի ցանկացել բացառապես ինքնաֆինանսավորմամբ գործող «Առավոտին» ներքաշել կեղտոտ գործարքի մեջ ու համաձայնության գալ մութ ուժերի հետ։ Հիրավի լրագրողական սկզբունքայնության վառ դրսևորում։ Ա. Աբրահամյանը հո ծախո՞ւ չէ, որ օֆշորի թեման «տաք» պահի։ Միայն կաշառվածներն են օֆշորին անդրադառնում։

Ու ճիշտ է անում, որ «Առավոտը», որ «տաք» չի պահում օֆշորի թեման։ Կոռուպցիայի, իշխանության և բիզնեսի տարանջատման, օլիգարխիայի դեմ պայքարի թեմաների համեմատ օֆշորը մանր խնդիր է։ Այլ հարց է ԲՀԿ–ի կամ ՀԱԿ–ի դեմ «դհոլություն» անողներին էջեր տրամադրելը կամ «Բոլորն էլ մի բարի պտուղ չեն, հետևաբար՝ Սերժ Սարգսյանից լավը չկա» գերշուստրի մեկնաբանություններ գրելը։ Այդ հարցերում «Առավոտը», ինչպես հայտնի է, շատ ազատ է և չեզոք։

Ահա այսպես անխնա ձևով է վարվում Տիգրան Սարգսյանը հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկ, շուկայական տնտեսության ջատագով, մարդու իրավունքների պաշտպան ու ազատ մամուլի կողմնակից «Առավոտի» հետ։ Տիգրանը, փաստորեն, Արամին զրկեց խուսանավելու հնարավորությունից։

Դատելով ամենից՝ օֆշորային այս պատմությունը ոչ միայն բացահայտեց Տիգրան Սարգսյանի կոռուպցիոն ռիսկերը, այլև ջրի երես հանեց նրա մարդկային որակները։ Պարզվեց, որ վարչապետն այն տեսակի մարդկանցից է, որ կործանվելու ժամանակ իր հետ կործանում է նաև յուրայիններին։ Այս ընթացքում մի լավ «փչացավ» «lragir.am»–ը (չնայած թվում էր, թե այլևս «փչանալու» տեղ չկա), որի վրա դրված է թալանն արդարացնելու և Տիգրանի համար բացահայտ փաստաբանություն անելու ֆունկցիան։ Հիմա էլ, ահա, «Առավոտն» ընկավ Տիգրանի «դռբի» տակ։

«Մտածողության հեղափոխությունը» խժռում է իր զավակներին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը