Լրահոս

26.06.2013 00:05


Առաջին անգամ տեղի ունեցավ Նարեկացի արվեստների փառատոնը

Առաջին անգամ տեղի ունեցավ Նարեկացի արվեստների փառատոնը
Հունիսի 15-22-ը առաջին անգամ տեղի ունեցավ Նարեկացի արվեստների փառատոնը: Ութ օր շարունակ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսը ունկնդրեց բարձրակարգ երաժշտություն` հոգևոր, դասական, ակադեմիական, հայ ժողովրդական, աշուղական, հեղինակային ու ջազային երաժշտություն` զուգահեռ վայելելով հայ տաղանդավոր նկարիչների ստեղծագործությունները (Հակոբ Հակոբյան, Վարդան Թովմասյան, Շոթա Ոսկանյան, Արմեն Խոջոյան, Տիգրան Ասատրյան, Աշոտ Ավագյան, Սեվան Նագգաշյան, Հովնան Սարգսյան, Եվգինե Մարտիրոսյան): Առաջին անգամ իր «ֆոտոաուրա» ոճի բացառիկ լուսանկարներով հանրությանը ներկայացավ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը:
Նարեկացի արվեստների փառատոնը մեկնարկեց բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի համերգային ելույթով, շարունակվեց «Լույս» վոկալ հնգյակի հայ միջնադարյան երգերից, կոմիտասյան մշակումներից և հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված համերգաշարով, «Օշական» եռյակի ժողովրդական ու աշուղական երգով: Ելույթ ունեցավ Հայաստանի կամերային երգչախումբը ` ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ` ներկայացնելով հայ ժամանակակից կոմպոզիտորներ` Արթուր Ավանեսովի, Դավիթ Հալաջյանի և Տիգրան Մանսուրյանի երգչախմբի համար գրված ստեղծագործությունները:
Փառատոնին մասնակցեցին տաղանդավոր երաժիշտներ` կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ավանեսովը, ջութակահար Աստղիկ Վարդանյանը, Մերի Դոլմազյանը` ալտ, թավջութակահար` Լևոն Առաքելյանը, ովքեր ներկայացրեցին հայ կոմպոզիտորական դպրոցի մի քանի սերնդի` Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Տիգրան Մանսուրյանի, Արթուր Ավանեսովի, Դավիթ Բալասանյանի և Հովիկ Սարդարյանի ստեղծագործությունները:
Ջազի սիրահարների համար ջազային իմպրովիզացիաներով հանդես եկան` սիրված և հայտնի ջազային արտիստներ` դաշնակահար Վահագն Հայրապետյանը և սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը: Երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին հանդիսատեսին խոստովանեց, որ վերջին անգամ Կամերային երաժշտության տանը ելույթ է ունեցել գրեթե մեկ տասնամյակ առաջ և Նարեկացի արվեստի փառատոնն իր համար հրաշալի առիթ էր վերստին այդ բեմում հանդես գալու և շփվելու հանդիսատեսի հետ: Վահան Արծրունին ներկայացրեց “Կոմիտաս. տասը հայտնություն” երգաշարը` գրված Կոմիտաս վարդապետի տասը բանաստեղծությունների հիման վրա և երգեր` գրված Ռազմիկ Դավոյանի և իր բանաստեղծությունների հիման վրա։
Փառատոնը եզրափակվեց հայ ժողովրդական ուրախ երգ ու պարով` « Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի ելույթով և «Կարին» երգ-պարի համույթի նախաձեռնած համընդհանուր շուրջպարով ու ավանդական պարուսուցմամբ: Փառատոնի ընթացքում մասնակից արվեստագետներին` որպես հայ մշակույթի դեսպաններ` շնորհվեց «Նարեկացի» արվեստի միության խորհրդանշական խաչքարը:
Նարեկացի արվեստների փառատոնը կազմակերպել էր «Նարեկացի» արվեստի միությունն ու «Մելոս» ընկերությունը` համագործակցելով Հայաստանում ապրող և ստեղծագործող լավագույն արվեստագետների հետ: Նարեկացի արվեստների փառատոնի նպատակը ոչ միայն հայկական բարձրակարգ երաժշտությունն ու արվեստը ներկայացնելն է, այլև մշակութային դաշտում առկա մի շարք իրավաբանական, վարչական և նյութական բնույթի խնդիրների հաղթահարումը, որոնք այսօր խոչընդոտ են հանդիսանում արվեստագետների ազատ ինքնարտահայտման համար:
«Երազանք ունենք, որ Նարեկացի արվեստի փառատոնը դառնա ամենամյա և այն ընդգրկի ոչ միայն Հայաստանը, այլ նաև Սփյուռքը»,–ասաց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը:

Այս խորագրի վերջին նյութերը