Քաղաքական

25.06.2013 14:46


Վահե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում

Վահե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում

Հարգելի պարոն նախագահող
Հարգելի գործընկերներ

Համաշխարհային տնտեսությունը դժվար ժամանակներ է ապրում՝ դիմակայելով նոր մարտահրավերների: Եվ որպես կանոն՝ բոլոր երկրներում առաջին հերթին տուժում են հասարակ մարդիկ:
Համաշխարհային տնտեսության օբյեկտիվ խնդիրներին զուգահեռ՝որոշ կառավարություններ լրացուցիչ արհեստական խնդիրներ են ստեղծում իրենց և հարևան ժողովուրդների համար:
Հարգելի գործընկերներ,ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա․
Հարավային Կովկասում անթույլատրելիորեն չեն գործում մի շարք կարևորագույն երկաթուղային գծեր, ավտոճանապարհներ, փակ են որոշ միջպետական սահմաններ: Չի գործում նաև ամենաժամանակակից չափանիշներով պատրաստված Ստեփանակերտի նոր օդանավակայանը:
Սա իրականություն է, որի մասին այս դահլիճում նստածները շատ լավ գիտեն:
Ի՞նչ կարող են անել Եվրոպական համայնքը և Եվրոպական կառույցները՝ իրավիճակը փակուղուց հանելու համար:
Այսպես կոչված Աբխազական երկաթուղին, որը կապում է Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանը փակ մնալու որևէ տրամաբանական բացատրություն չունի:
Վրաստանի նոր իշխանությունները, որոնք աչքի են ընկնում իրենց կառուցողական մոտեցումներով, արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստ են աշխատել այս ուղղությամբ: Օրեր առաջ Ռուսաստանի նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ իրենք կողմ են Վրաստանի հետ լայն համագործակցության վերականգնմանը:
Թվում է, որ այս կարևորագույն փոփոխություններից հետո, որ արձանագրվել են ռուս-վրացական հարաբերություններում, երկաթուղային հաղորդակցության վերականգնման խնդիրը պետք է արագ լուծվի: Եվ եվրոպական կառույցների խնդիրն է՝ այս հարցը պահել օրակարգում: Այս երկաթգծի վերականգնումից կօգտվեն Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Աբխազիայում բնակվող միլիոնավոր մարդիկ:
Հաջոր հարցը` պատրաստ է շահագործման Ստեփանակերտի օդանավակայանը: Այն պետք է օգտագործվի բացառապես քաղաքացիական նպատակներով և կարող է կարևոր գործոն դառնալ խաղաղ բնակչության հոգսերը թեթևացնելու համար: Չկա գոնե մեկ տրամաբանական խոչընդոտ, որի պատճառով չպետք է սկսվի օդանավակայանի շահագործումը: Փոխարենը՝ կա այլ պետության սպառնալիքը՝թիրախի տակ առնել քաղաքացիական օդանավերը:
Եվրոպան և եվրոպական կառույցները պետք է ընտրություն կատարեն խաղաղ բնակչության շահերի և իրավունքների ու ռազմական շանտաժի միջև:
Թույլ տվեք նաև հիշեցնել, որ օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները կրկին կոչ արեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ պատրաստել իրենց ժողովուրդներին խաղաղության , այլ ոչ՝ պատերազմի: Համոզված չեմ, որ փակ հաղորդակցությունը լավ հիմք է ստեղծում տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:
Փոխարենը՝ համոզված եմ, որ մենք պետք է ավելի կոշտ վերաբերմունք ցուցաբերենք դեպի փակ սահմանները և այն քայլերը, որոնք վտանգում են մարդկանց ապահով կյանքը և բարեկեցությունը:

Այս խորագրի վերջին նյութերը