Լրահոս

25.06.2013 18:56


Լրացավ ԲՀԿ Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի գործունեության 2 տարին

Լրացավ ԲՀԿ Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի գործունեության 2 տարին

2013թ-ի հունիսի 23-ին լրացավ ԲՀԿ Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի գործունեության 2 տարին: Շարունակելով իր գործունեության բացառիկ ավանդույթների գործելաոճը, այս հիշարժան օրը նույնպես կրթականցիները տոնեցին աննախադեպ և ոչ ստանդարտ ձևաչափով՝ մանկական երկաթուղում, ուր իշխում էին ուրախությունն ու վառ գույնները, առաջընթացի հաստատակամությունն ու իր ընտրած ուղու ճշմարտացիության ամրության գիտակցումը: Մեր տարեդարձին ներկա էին նաև Կրթական Կենտրոնի ամենակրտսեր անդամները՝ Սարգիսն ու Նանեն, ովքեր հանդիսանում են մեր Կենտրոնի ուսանող զույգերի առաջնեկներն ու մեր գործունեության ընթացքում ծնված մեր Կենտրոնի ուսանողության սիրելի փոքրիկները:

Արդեն 2 տարի Կրթական Կենտրոնը մատուցում է ոչ ֆորմալ կրթություն մի քանի տասնյակ երիտասարդների: Նրա առանձին ծրագրերի և միջոցառումների մասնակիցների թիվն անցնում է մի քանի հարյուրը: Չնայած բազմաթիվ արհեստական և բնական դժվարությունների, տարրաբնույթ խոչընդոտների ու փորձությունների, ի պատիվ Կրթական Կենտրոնի ներսում ստեղծված կուռ ու հաստատակամ շարքերի, հաջողվել է պահպանել մեր տեղն ու դիրքը և ավելին, Կենտրոնը շարունակում է հանդիսանալ միակ բացառիկ կրթական-քաղաքական կառույցը՝ արդի ժամանակաշրջանի հայ քաղաքական մտքի ասպարեզում:

Ինչպես մեր կազմակերպած մի շարք հիշարժան միջոցառումներ, մեր տարեդարձը նույնպես կրում էր հոգևոր բաղադրիչ: Կրթական Կենտրոնի ուսանողներից Կարինա Բաղդասարյանի շնորհիվ մեր Կենտրոնի ուսանողներին բաժանվեց դեպի Արագածոտնի մարզի Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի կատարված ուխտագնացության ժամանակ օրհնված խունկ, որն օրհնվել էր Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանի կողմից:

ԲՀԿ Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլորին, ովքեր կարևորում են մեր գործունեությունը, ոգևորում են ու սատարում: Երախտապարտ ենք բոլոր այն հասարակական-քաղաքական ու հոգևոր գործիչներին, ովքեր այս 2 տարիների ընթացքում դասավանդել են մեր Կենտրոնում, առանց հոգնելու պատասխանել են մեր երիտասարդների շատ անկեղծ, հաճախ գուցե նաև միամիտ հարցերին:

Առանձին շնորհակալություն նաև նրանց, ովքեր հավատում են մեզ, սակայն ժամանակակից հայ քաղաքական իրականության պատճառով ստիպված են «թաքուն» համակրել ու շնորհավորել մեզ:

ԲՀԿ Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը