Լրահոս

24.06.2013 21:13


ԱԳ նախարարը ելույթ ունեցավ ԵԽԽՎ լիագումար նիստին, հանդիպեց ԵԽ կառույցների ղեկավարներին

ԱԳ նախարարը ելույթ ունեցավ ԵԽԽՎ լիագումար նիստին, հանդիպեց ԵԽ կառույցների ղեկավարներին

Հունիսի 24-ին ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին ներկայացրեց ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և դրանց իրագործման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստանի կողմից նախագահության ստանձնումից ի վեր Նախարարների կոմիտեի գործունեությունը, Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև համագործակցության սերտացման նպատակով ԵԽ հայկական նախագահության իրականացվելիք քայլերը։

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի նախագահության գերակայությունները սահմանվել են նկատի ունենալով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները և նրանցում կարևոր տեղ է հատկացվել Եվրոպայի խորհրդի բոլոր երեք հենասյուներին` մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարությանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ հայկական նախագահությունը շարունակելու է աջակցել ԵԽ Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնած Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:

«Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը»,- ընդգծեց Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահը։

Էդվարդ Նալբանդյանը նշեց նաև, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը խթանելու և պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում պետք է երաշխավորվի, որ անհատների իրավունքները պաշտպանվեն Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են։ Կազմակերպությունը պետք է այդ միավորների հետ սերտ խորհրդակցությամբ դիտարկի կարգավիճակով չպայմանավորված մոտեցման հնարավորությունը՝ իր հիմնարար արժեքները և սկզբունքները խթանելու նպատակով։

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն անդրադարձավ հարևան տարածաշրջանների՝ ժողովրդավարացման ճանապարհին գտնվող երկրներին Եվրոպայի խորհրդի հետ հարաբերվելու ձևաչափերի մշակման կարևորությանը։

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ԵԽ գործունեությանը, կազմակերպության հայկական նախագահությանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող խորհրդարանական վեհաժողովի անդամների բազմաթիվ հարցերին։

Նույն օրը Եվրախորհրդի կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը բացեց Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 15-րդ արձանագրության ստորագրման արարողությունը, որին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահը, արձանագրությունը ստորագրող շուրջ երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը աջակցում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների իրագործման վերահսկողական մեխանիզմի կատարելագործմանը և 15-րդ արձանագրությունն այդ գործընթացի կարևոր մաս է կազմում։ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը հույս հայտնեց, որ 15-րդ արձանագրությունը կստորագրվի և կվավերացվի ԵԽ բոլոր անդամ պետությունների կողմից, ինչը հնարավորություն կընձեռի ՄԻԵԴ-ին առավել արդյունավետ աշխատել։

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կարևորեց Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության վերջնականացումը և հույս հայտնեց, որ դրա մշակումը ավարտին կհասցվի Հայաստանի նախագահության ընթացքում։

Նույն օրը տեղի ունեցան ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի, ԵԽԽՎ նախագահի և ՄԻԵԴ նախագահի հետ։

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայինի-Դրագոնի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ արվեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին քննարկվելիք հարցերին, Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի և Քարուղարության փոխգործակցությանը։

Էդվարդ Նալբանդյանի և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հանդիպմանն անդրադարձ արվեց Երևանում մայիսի վերջին կայացած ԵԽԽՎ բյուրոյի և մշտական կոմիտեի նիստերի արդյունքներին, ԵԽ Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցությանը։ Զրույցի ընթացքում արծարծվեցին Եվրախորհդրի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր:

ԵԽ կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց «Եվրոպայում քաղաքական էքստրեմիզմի վերելքը. մեր պատասխանը» խորագրով քննարկմանը, որին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայինի-Դրագոնին, ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը, ԵԽ Տեղական իշխանությունների կոնգրեսի նախագահ Կոնգրեսի Հերվիգ վան Շտան, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուզնիկսը։ Հանդիպման մտքեր փոխոնակվեցին ս.թ. նոյմբերին կայանալիք Եվրախորհրդի «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի» նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին ՄԻԵԴ գործունեության արդյունավետությունը բարձրացել է։

Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ Հայաստանը, որպես ԵԽ նախագահող երկիր, կարևորում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային Եվրոպական միության միանալը՝ համոզված լինելով, որ դրա արդյունքում ստեղծվելիք եվրոպական միասնական իրավական դաշտն էլ ավելի կամրապնդի Եվոպայում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմը։

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի Սահմանադրական դատարանի, Վենետիկի հանձնաժողովի և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախաձեռնությամբ հուլիսի սկզբին Երևանում կայանալիք «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպմանը քննարկվեց նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի բարեփոխումների վերաբերյալ Ինտերլակենի և Բրայթոնի հռչակագերի իրականացման գործընթացը։

Ստրաստբուրգում Էդվարդ Նալբանդյանն ու Ստրասբուրգի քաղաքապետ Ռոնալդ Ռիեսը մասնակցեցին ԵԽ-ում Հայաստանի նախագահության խորհրդանիշով տրամվայների շնորհանդեսի արարողությանը։

Արարողությանը հանդես գալով ողջույնի խոսքով՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ մի քանի ամիս Ստրասբուրգի բնակիչներն ու քաղաքի հյուրերը կշրջեն Հայաստանի դրոշի գույներով զարդարված տրամվայներով, որոնք հազարավոր ուղևորներին կփոխանցեն հայ ժողովրդի սրտի ջերմությունը, նրա ցանկությունը 800 միլիոն եվրոպացիների հետ կիսելու խաղաղ երկինք և կառուցելու արժանապատիվ ապագա։

Նույն օրը նախարար Նալբանդյանը մեկնեց Լեհաստան՝ միանալու պաշտոնական այցով Վարշավա ժամանող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը։

Այս խորագրի վերջին նյութերը