Լրահոս

22.06.2013 13:44


«Կճոյանը երկու անգամ Կիպրոս չի գնացել». Արարատյան հայրապետական թեմից հերքում են

«Կճոյանը երկու անգամ Կիպրոս չի գնացել». Արարատյան հայրապետական թեմից հերքում են

Հունիսի 20-ին «ՍիվիլՆեթ»–ի տաղավարում «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը անդրառանալով օֆշորային հայտնի պատմությանը՝ հայտարարել էր, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը (Սամվել Կճոյան) գործարար Աշոտ Սուքիասյանի հետ առնվազն երկու անգամ եղել է Կիպրոսում, ինչը 100 տոկոսով ապացուցված փաստ է:

«7օր»–ը Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատու Էլզա Մանուկյանից փորձել է ճշտել, թե ի՞նչ նպատակով է Նավասարդ աքրեպիսկոպոս Կճոյանը Աշոտ Սուքիասյանի հետ առնվազն երկու անգամ Կիպրոս մեկնել։

–Ինքը երկու անգամ Կիպրոս չի մեկնել,–նախ ասել է Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատուն, այնուհետև առաջարկել է մեզ հետաքրքրող հարցերը գրավոր ուղարկել։

–Այս երկու օրերն աշխատանքային չեն, հարցերը գրավոր ուղարկեք, երկուշաբթի կփորձեմ պատասխանել,–ավելացրել է նա։

«7օր»–ն իր հերթին առաջարկել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին հյուրընկալվել մեր կայքի տաղավարում և անձա՛մբ պարզաբանումներ ներկայացնել, սակայն Էլզա Մանուկյանն ընդգծել է, որ սրբազանը որևէ տեղ հարցազրույցի չի գնում։

–Ինքը ընդհանրապես որևէ տեղ չի ոչ մի անգամ չի գնացել հարցազրույցի,–ասել է նա։

Մեր դիտարկմանը, որ վերջերս Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը անձամբ ծավալուն հարցազրույց էր տվել լրատվամիջոցներից մեկին, Է. Մանուկյանն արձագանքել է.

–Դա ինքը չէր գնացել, իրենք էին եկել։

Հիշեցնենք, որ «ՍիվիլՆեթ»–ի տաղավարում «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիրն ասել էր նաև, որ հիմա Կճոյանը կարող է հերքել, որ չի եղել Կիպրոսում և այդ դեպքում իրենց կմնա, օրինակ, լուսանկարը հրապարակել.

–Բայց հիմա ինքը չի էլ կարող ասել, որ չի եղել, քանի որ նա անցել է անցակետը, ինչն իրավապահները կարող են ստուգել։

Բաղդասարյանի խոսքով` իրենք այլ հիմքեր էլ ունեն չհավատալու Նավասարդ Կճոյանի հայտարարությանը, թե ինքը կապ չունի օֆշորային գործարքի հետ, քանի որ մի քանի տարի առաջ նրա անունը կապված է եղել զենք ունենալու հետ, ինչը սկզբում նա հերքել է, սակայն փաստեր ներկայացնելուց հետո՝ խոստովանել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը