Լրահոս

21.06.2013 23:11


Կճոյանն ու Սուքիասյանն առնվազն երկու անգամ եղել են Կիպրոսում

Կճոյանն ու Սուքիասյանն առնվազն երկու անգամ եղել են Կիպրոսում

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանը (Սամվել Կճոյան) գործարար Աշոտ Սուքիասյանի հետ [որը Կճոյանի սանիկն է - ՍիվիլՆեթ] առնվազն երկու անգամ եղել է Կիպրոսում, ինչը 100 տոկոսով ապացուցված փաստ է, և այդ տեղեկությունը ճշտված է նրանց` օդանավակայան ուղեկցողներից. հունիսի 20-ին ՍիվիլՆեթի տաղավարում նման հայտարարություն արեց «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

«Հետքը» սկանդալային հետաքննական հոդված էր հրապարակել, որտեղ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Սամվել Կճոյանի անունները կապված են օֆշորային մի գործարքի հետ, որի արդյունքում սնանկացել է գործարար Փայլակ Հայրապետյանը:

Օֆշորային սկանդալում ներգրավված Նավասարդ Կճոյանը հերքել է իր մասնակցությունը օֆշորային գործարքին:

«Հիմա Կճոյանը կարող է ասել, որ չի եղել Կիպրոսում. այդ դեպքում մեզ կմնա, ասենք՝ լուսանկար հրապարակել: Բայց հիմա ինքը չի էլ կարող ասել, որ չի եղել, քանի որ նա անցել է անցակետը, ինչն իրավապահները կարող են ստուգել»,- ասաց Էդիկ Բաղդասարյանը:

Անդրադառնալով տարածված լուրերին, թե Աշոտ Սուքիասյանը նաև թանկարժեք «Բենթլի» ավտոմեքենա է նվիրել Նավասարդ Կճոյանին, Բաղդասարյանն ասաց, թե «վերջինիս դեպքը հայոց պատմության եզակիներից է»: «Հետքի» խմբագրի խոսքով՝ «եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները պետք է հայտարարեն, որ Կճոյանը չի կարող լինել եկեղեցու անդամ, իսկ եթե ձայն չեն հանում, ուրեմն իրենք էլ «Բենթլի» ունեն կամ էլ` այն ստանալու ակնկալիք»:

Բաղդասարյանի խոսքով` իրենք այլ հիմքեր էլ ունեն չհավատալու Նավասարդ Կճոյանի հայտարարությանը, թե ինքը կապ չունի օֆշորային գործարքի հետ. մի քանի տարի առաջ նրա անունը կապված է եղել զենք ունենալու հետ, ինչը սկզբում նա հերքել է, սակայն փաստեր ներկայացնելուց հետո` խոստովանել:

Էդիկ Բաղդասարյանն ընդգծեց, որ իրենք` որպես օֆշորային հետաքննության հեղինակներ, չափազանց զգույշ են տվյալներ հրապարակելիս և ստուգում են տվյալ լուրի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը, քանի որ «յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել»:

«Մենք կեղծիքներ չենք հրապարակում: Մենք ապուշ չենք. ո՞նց կարելի է պետռեգիստրի թղթերը կեղծել և հրապարակել»,- ասաց նա:

Բաղդասարյանի կարծիքով` «հայկական օֆշորի» պատմությունը նախադեպային է, քանի որ համաշխարհային մակարդակում չի եղել դեպք, երբ օֆշորային բաժնետերերից մեկը հայտարարի, թե ինքը տեղյակ չէ օֆշորում իր անունով գրանցված ընկերության մասին:

«Հայկականը դրանով էր առանձնահատուկ, որ բաժնետերերից երկուսն ասել են, թե իրենք տեղյակ չեն»,- նկատեց «Հետքի» խմբագիրը:

Աշոտ Սուքիասյանը, որի նկատմամբ հունիսի 17-ին հետախուզում է հայտարարվել Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում, նամակ էր հղել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Hetq.am-ին` նշելով, որ ինքն է բաժնեմասեր գրել Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և համաձայնության, որպեսզի «երաշխավորի իր բիզնեսի անվտանգությունը»:

Աղբյուրը՝ civilnet.am

Այս խորագրի վերջին նյութերը