Լրահոս

21.06.2013 13:04


Քննարկվել են կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ զինվորական ծառայությունից խուսափելու վերաբերյալ քրեական գործերի հեռանկարները

Քննարկվել են կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ զինվորական ծառայությունից խուսափելու վերաբերյալ քրեական գործերի հեռանկարները

ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայությունից խուսափող անձանց վերաբերյալ քննության տարբեր փուլերում գտնվող քրեական գործերի հեռանկարները քննարկելու նպատակով:

Նշենք, որ hունիսի 8-ից ուժի մեջ են մտել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում և «ՀՀ քրեական օրենսգրքում» Ազգային ժողովի կողմից ընդունած լրացումները, որոնք վերաբերում են կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափողներին:
ՀՀ ԱԺ-ի կողմից 02.05.2013 թվականին «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված նախադեպային իրավական դիրքորոշումներին:
Ըստ այդմ` կկարճվեն դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և և կդադարեցվի քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում կամ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ` «Ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը», 327.1-րդ` «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը», 327.2-րդ` «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը», 327.3-րդ` «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից անդամախեղվելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը», և 327.4-րդ` «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը», հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար` կրոնական համոզմունքների պատճառով, եթե այդ անձինք մինչև 2013թ. օգոստոսի 1-ը դիմում կներկայացնեն` այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ և կներգրավվեն այդ ծառայության մեջ:
Տեղեկացնենք, որ 30 քրեական գործ գտնվում է մինչդատական վարույթում, 11-ը` դատական քննության փուլում, իսկ ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար մեղավոր ճանաչված 33 դատապարտյալներ պատիժ են կրում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում:
Հաշվի առնելով այդ հանգամանքը և նշված օրենքի` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1518 (2001) հանձնարարականի պահանջներից բխելը` ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է պարզել կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ այլընտրանքային ծառայությունից խուսափած մեղադրյալների կամ ամբաստանյալների դիրքորոշումը, պարզաբանել օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգով մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը համապատասխան դիմում ներկայացնելու անհրաժեշտությունը, որից հետո լուծել քրեական գործերի հետագա ընթացքը:

Այս խորագրի վերջին նյութերը