Կարծիք

20.06.2013 22:44


Առա՛ջ, դեպի բոլշևիկյան ռեժի՞մ, թե՞ ժողովրդավարական անցում

Առա՛ջ, դեպի բոլշևիկյան ռեժի՞մ, թե՞ ժողովրդավարական անցում

Սովետական Հայաստանում ընտրությունները կրում էին տոնական (իմիտացիոն) բնույթ, քանի որ մրցակցություն չկար: Իշխանությունը պատկանում էր մեկ կուսակցության, որն էլ, ընտրությունների ժամանակ. առաջադրում էր թեկնածուներ: Թեկնածուներն ընտրություններից առաջ իրենց վերադասներին ներկայացնում էին տվյալ շրջանի պոտենցիալ մասնակիցների թիվը, և եթե այդ թիվն ապահովում էր հաստատված քվորումը՝ առաջադրումը թույլատրվում էր, ինչից հետո տվյալ ընտրատարածքի միակ թեկնածուն ուներ մի խնդիր՝ ապահովել մասնակիցների անհրաժեշտ թիվը: Եվ որպեսզի այս ձանձրալի գործընթացը քիչ թե շատ հետաքրքիր դառնար, խորհրդային իշխանությունները կազմակերպում էին տարբեր մշակութային միշոցառումներ:

Սովետական ձևական ընտրությունների մասին շատ պատկերավոր գրել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը. «Բոլշևիկյան գվարդիայի այդ աներեր մարտիկները վստահ էին, որ ընտրողների առնվազն 99,99 տոկոսն իր ձայնը կտա կոմունիստների և անկուսակցականների անխախտ բլոկի արժանավոր թեկնածուի օգտին։ Ինչ վերաբերում էր ժողովրդի շարքային ներկայացուցիչներին, ապա նրանց դերն անհամեմատ պարզ էր՝ քվեարկել կամ, համենայնդեպս, քվեարկելու ձև անել։ Ընդ որում՝ ի վերուստ թույլատրվում էր, որ ազգային շրջաններում «ընտրությունները» կազմակերպելիս հաշվի առնվեն տեղական առանձնահատկությունները։ Մի տեղ, օրինակ, տոնական հագուստներ հագած քաղաքացիները ընտրական տեղամաս էին գնում բայանահարի ուղեկցությամբ և չաստուշկաներ երգելով, մի այլ տեղում ձիարշավ կամ տոնավաճառ էին կազմակերպում»:

Վերը նկարագրված բոլշևիկյան ավանդույթներն անկախ Հայաստանում արմատավորելու փորձ է անում իշխող խումբը։ Հանրապետական կուսակցությունը այժմ գրեթե փոխարինել է կոմկուսին։ Կան, իհարկե, այլ կուսակցություններ, որոնք ներկայացված են խորհրդարանում և քաղաքական դաշտում, բայց ԱԺ հսկիչ փաթեթը համայնավարների ոճով որոշումներ կայացնելու հնարավորություն է տալիս ՀՀԿ–ին։ Հետևաբար՝ կարելի է ասել, որ Հայաստանում կրկին վերահաստատվել է բոլշևիկյան արժեհամակարգով գործող իշխանություն, այն էլ իրենց նժդեհական համարողների միջոցով:

Բոլշևիկյան տոնակատարություններին այժմ փոխարինելու են եկել իշխող կուսակցության կողմից կազմակերպվող շոուները։ Տարբերությունը երգերի տեքստերի ու նոտաների, ինչպես նաև բեմադրության սցենարների մեջ է։ Մնացածը գրեթե նույնն է ու նույն նպատակին է ծառայում։

Ինչ վերաբերում է իշխող ուժ–հասարակություն հարաբերություններին, ապա ապա իշխանական քարոզչամեքենան հասարակության մեջ տարածում է այն միտքը, թե «մեկ ա՝ ՀՀԿ-ն ա հաղթելու», «պայքարելն անիմաստ ա», «ընտրությունների խերն ընտրակաշառքն ու համերգներն են» և այլն: Բոլշևիկներն այս առումով պակաս ցինիկ չէին, բայց գռեհիկությամբ զիջում էին այսօրվա բոլշևիկներին։

Ընտրական գործընթացի վերահսկողությունն էլ բովանդակային առումով առանձնապես չի տարբերվում բոլշևիկյանից։ Պարզապես նախկինում ամեն ինչ ավելի կանոնակարգված էր և աչք էր ծակում կուսակցական կարգապահությւոնը։ Իսկ հիմա միայն արդյունք են պահանջում. մնացած հարցերում է «լիբերալիզմ» է տիրում։ Երբեմն ընտրատարածքում հանձնաժողովի անդամները ոչ թե վերահսկում են ընտրական գործընթացը, այլ ասում խոսում են, երբեմն նաև՝ երգում ու պարում (http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=QBekmQ1K56Y) կամ ճոխ սեղաններ գցում և քեֆ անում՝ ասելով. «Կարևորը մարդ մնալն է, մեկ ա՝ սաղ վերևներում ա որոշվում»: Իսկ նախընտրական շրջանում իշխող կուսակցությունը հիմնականում համերգ-հանրահավաքներ է կազմակերպում (http://www.youtube.com/watch?v=unSwWRtnZDE):

Փաստորեն, անկախացումից հետո, ինչ ինչ պատճառներով, չհաջողվեց Հայաստանում արմատավորել ժողովրդավարական ավանդույթներ։ Սովետական տոտալիտար ռեժիմի փլուզումից հետո հասարակությունը, չհամակարգվելով քաղաքական էլիտայի կողմից, վերադարձավ նախորդ՝ ազգային սովորութային նորմերի և սովետական բանտերում ձևավորված «պանյատների» ինստիտուտին: Դա հատկապես զգացվում է ԱԺ մեծամասնական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Այդ մակարդակում ընտրվում են այն թեկնածուները, ովքեր ավելի մեծ ընտանիք և դիրք ունեն, իսկ քաղաքներում ընտրական խախտումները վերահսկում են թաղային հեղինակությունները: Ահա այսպիսին է առկա իրավիճակը։

Ինչպե՞ս է հնարավոր ապահովել ժողովրդավարական անցումը, ի՞նչ նախադրյալներ են պետք դրա համար և արդյոք կհաջողվի՞ մեզ անցում ապահովել հարցադրումները տարբեր պատասխաններ ունեն։ Այս առումով մեր հանրությունը բաժանվում է լավատեսների ու հոռետեսների։ Վերջինները, ցավոք, գերակշռում են։ Մեկ հարցում, սակայն, գրեթե բոլորն են համակարծիք. Հայաստանը բոլշևիկյան ռեժիմ պահելու ռեսուրս և հնարավորություն չունի։ Այնպես որ փոփոխություններն այլընտրանք չունեն։

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը