Լրահոս

20.06.2013 17:18


ՊԵԿ-ը հետևողական է սահմանային անցակետերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործման հարցում

ՊԵԿ-ը հետևողական է սահմանային անցակետերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործման հարցում

Երևանում տեղի է ունեցել «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականցում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են ոչ միայն պետական գերատեսչությունների, այլև միջազգային կառույցների ներկայացուցիչներ. առաջին անգամ մասնակցել են նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպան Տրայան Հրիստեան, ինչպես նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետտոն:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ հանձնաժողովի նիստերի մասնակիցների բարձր ներկայացուցչական կազմը համահունչ է այն կարևորությանը, որ ունի ծրագիրը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման, անվտանգության ապահովման և սահմանների համալիր կառավարման ոլորտում տարածաշրջանային համագործակցության խորացման բնագավառներում: «Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրի կողմից իրականացվող այս ծրագիրը, մեր եվրոպական գործընկերների օժանդակությամբ ներկայումս Հայաստանում իրականացվող Թվինինգ ծրագրի հետ հանդիսանում է օրենսդրության կատարելագործմանը, կիրառվող ընթացակարգերի օպտիմալացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և կայուն զարգացման ապահովմանն ուղղված բարեփոխումների ընդգրկուն ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը: Մենք պետք է նախաձեռնող և հետևողական լինենք զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերի իրագործման հարցում, որոնք պետք է ունենան համակարգված և հնարավորինս փոխլրացնող ընթացք»,-նշել է Գագիկ Խաչատրյանը:

Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցումային կետերի արդիականացման ծրագրի իրականացումը մտնում է վճռորոշ փուլ, քանի որ, ըստ ՊԵԿ նախագահի, արդեն որոշակիանում են շինարարական աշխատանքների մեկնարկի և ընթացքի հետ կապված հարցերը. «Ծրագրի իրականացումը որոշակիորեն շեղվել է սկզբնապես նախատեսված ժամանակացույցից` կապված շինարարական ընկերության ընտրության ուշացման հետ: Ծրագրի մյուս բոլոր բաղադրիչների ուղղությամբ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով` առանց ժամկետային լուրջ շեղումների»:

Սահմանային անցակետերի համալիր զարգացումն ապահովելու համար ՄԱԶԾ-ն և ԵՄ-ը պատրաստակամ են շարունակել աջակցությունը Հայաստանին, ընդգծել են միջազգային կառույցների ներկայացուցիչները: «ԵՄ պատվիրակությունը գոհունակությամբ է նշում, որ այս հավակնոտ ծրագիրը, որն ուղղված է հայ-վրացական սահմանի արդիականացմանը, որոշակի առաջընթաց է արձանագրել, ինչի համար շնորհավորում եմ Հայաստանին` այդպիսի պատրաստակամություն դրսևորելու և ներդրումներ իրականացնելու համար: Եմ-ը կշարունակի տեխնիկական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին սահմանային անցակետերի արդիականացման և ենթակառուցվածքների զարգացման գործընթացում»,-շեշտել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպան Տրայան Հրիստեան:

Նիստի ընթացքում ներկայացվել են նաև ծրագրի ընթացքում կատարված աշխատանքները, քննարկվել խնդիրները և նախանշվել առաջիկա անելիքները: Քննարկվել են նաև ծրագրի իրականացման ընթացքի հետագա ուշացումները բացառելուն ուղղված քայլերը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը