Լրահոս

20.06.2013 14:45


Կներդրվի վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգը

Կներդրվի վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգը

Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստահամակարգի ներդրման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է համակարգի ներդրման ծրագիրը, որի համաձայն 2015թ. հունիսի 1-ից անալոգային հեռուստատեսային հեռարձակումից անցում է կատարվելու եվրոպական միասնական ստանդարտի թվային հեռուստատեսային հեռարձակման։

ՀՀ կառավարությունը որոշել է Երևանի Հր. Աճառյան 31 հասցեում գտնվող շենքային համալիրի սպասարկման համար առանձնացված 2.65 հա մակերեսով հողամասն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամին և դրա նկատմամբ իրականացնել սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Որոշմամբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին է վերապահվում խորհրդի պատվավոր նախագահ ընտրելու իրավասությունը։
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որը միտված է ռիսկի վրա հիմնված հսկողության համակարգի կատարելագործմանը։ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտոնագրման պայմանների և պահանջների հսկողության տեսչության 2012թ. ընթացքում կատարած ստուգումների արդյունքում վիճակախաղի, շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների ռիսկայնության աստիճանը ցածր է եղել։ Սույն որոշմամբ որոշ չափանիշներ փոխարինվել են նորերով, որոնք ավելի պատկերավոր կդարձնեն կազմակերպիչների ռիսկայնության աստիճանը։
Գործադիրը որոշել է ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված` շշալցված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի որոշակի ծածկագրերի ապրանքախմբերին դասվող ապրանքների պարտադիր դրոշմավորման համար 2013 թ. հուլիսի 1-ից կիրառության մեջ դնել «Ա» սերիայի դրոշմապիտակները։ Նիստում սահմանվել է ՀՀ մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից «ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Վերաներմուծում», «Վերաարտահանում» մաքսային ռեժիմներով անձնական օգտագործման ավտոմեքենաների, ինչպես նաև միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների տեղափոխման և մաքսային ձևակերպման պարզեցված կարգը։
Կառավարությունը սահմանել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը։ Հաջորդ որոշմամբ հաստատվել է դատախազի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դրանք կրելու կարգը` ուժը կորցրած ճանաչելով նախկին նույնաբովանդակ որոշումը։

Այս խորագրի վերջին նյութերը