Լրահոս

20.06.2013 13:56


Ճանապարհային ոստիկանության պարզաբանումը

Ճանապարհային ոստիկանության պարզաբանումը

Հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2013 թվականի հունիսի 19-ին քննարկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով գործող օրենսգրքի 124.4-րդ հոդվածում (Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը) կատարված փոփոխության հետ կապված հանրային հետաքրքրությունը՝ Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է.

1. կատարված փոփոխությունը, ըստ էության, բովանդակային իմաստով իրավախախտման դիսպոզիցիայի և սանկցիայի փոփոխություն չի ենթադրում, այսինքն վարչական տույժի տեսակի կամ սանկցիայի չափի որևէ խստացում չի իրականացվում,

2. փոփոխության նպատակը արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափի կիրառումն օրենքով ամրագրելն է:

Մասնավորապես, նշված հոդվածի գործող խմբագրության 1-ին մասից հանվում է արագությունը մինչև 10 կմ/ժ-ով գերազանցելու համար պատասխանատվություն չնախատեսող դրույթը, համապատասխանաբար 10-ով նվազեցվում են հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված՝ արագության գերազանցման չափերը, և հոդվածում ավելացվող 5-րդ մասով այդ նույն դրույթը՝ 10 կմ/ժ-ը կիրառելի է դարձվում հոդվածի բոլոր մասերի նկատմամբ՝ օրենքով ամրագրելով արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափի կիրառումը: Օրինակ, եթե 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ ճանապարհին վարորդը երթևեկում է 75 կմ/ժ արագությամբ, նախկին խմբագրության դեպքում այդ իրավախախտումը որակվում էր հոդվածի 1-ին մասով (11-20 կմ/ժ-ով գերազանցելը) և նշանակվում էր տուգանք 10.000 դրամի չափով: Նոր խմբագրության պարագայում նույն արարքը կրկին որակվելու է հոդվածի 1-ին մասով (1-10 կմ/ժ-ով գերազանցելը) և նշանակվելու է տուգանք 10.000 դրամի չափով, քանի որ հոդվածի 5-րդ մասի համաձայն, վարչական տույժ նշանակող մարմինը որոշում կայացնելիս արագաչափ սարքի արձանագրած չափից պարտավոր է հանել 10 կմ/ժ (75կմ/ժ – 10կմ/ժ = 65 կմ/ժ, այսինքն գերազանցում 1-10կմ/ժ-ով):

Ճանապարհային ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը