Լրահոս

20.06.2013 19:30


«Կիլիկյան վարժարանի» առաջին շրջանավարտները պատրաստվում են ուսումը շարունակել Երևանի ավագ դպրոցներում կամ քոլեջներում

«Կիլիկյան վարժարանի» առաջին շրջանավարտները պատրաստվում են  ուսումը շարունակել  Երևանի ավագ դպրոցներում կամ քոլեջներում

Սիրիահայ երեխաների համար կազմավորված «Կիլիկյան վարժարանում», ինչպես Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հիմնական դպրոցներում, 2012-13 ուստարվա ավարտական քննությունները, սահմանված կարգով, անցկացվում են հունիսի 5-ից 22-ը։

Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Կիլիկյան բարեսիրական միության հովանավորությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության N14 դպրոցում գործող, սիրիական ծրագրով առաջնորդվող «Կիլիկյան վարժարանի» առաջին շրջանավարտները 38–ն են։

Քննաշրջանի ընթացքում ուսման որակի ու առաջադիմության դեռևս ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է միայն «Անգլերեն» առարկայից՝ 100 տոկոս, քիչ զիջում են «Հայերեն» առարկայի քննական արդյունքները՝ ուսման առաջադիմությունը 100 տոկոս է, ուսման որակը՝ 93 տոկոս, «Արաբերեն» լեզվի ուսման որակը զգալիորեն զիջում է՝ 70 տոկոս։ Բնագիտական ու ճշգրիտ գիտությունների առարկաներից սիրիահայ երեխաները ցուցաբերել են միջինից բարձր առաջադիմություն։

Ամփոփելով ավարտական դասարանի ուսումնական տարին՝ վարժարանի տնօրեն Նորա Փիլիպոսյանը նշել է, որ ուսման առաջադիմությունը 100 տոկոս է, ուսման որակը՝ դեռևս 86,2 տոկոս. «Քրիստոնեական կրոնի պատմություն» և «Ֆրանսերեն» առարկաների քննություններն անցկացվելու են քննաշրջանի վերջին օրերին։ Տնօրենը նաև ընդգծել է, որ բոլոր շրջանավարտները պատրաստվում են ուսումը շարունակել Երևանի ավագ դպրոցներում կամ քոլեջներում։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը